Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 3 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/74

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Երբեմն դողալ մը սանկ...


— Այո՛, այո՛, դողալ մը սանկ... (մեկուսի) կյանքիս մեջ դողացած չունիմ։


— Դողալեն վերջը տաքություն մը...


— Տաքություն մը։


— Տաքութենեն վերջը քրտինք մը...


— Քրտինք մը։


— Առտուները լեզվիդ վրա լեղիություն մը։


— Այո՛, լեզվիս վրա լեղիություն մը։


— Հասկցա, բան մը չէ, կանցնի, ինքզինքդ մսեցուցած ես։


— Ինձի ալ այնպես կուգա, որ ինքզինքս մսեցուցած եմ։


— Շատ բժիշկներ կան, որ այս հիվանդությունը չեն հասկնար, սխալ դեղեր կուտան, ուրիշ հիվանդություն կը հրավիրեն։


— Ուրախ եմ, որ դուք աղեկ հասկցաք, դեղ մը տվեք, որ շուտ մը անցնի։


Բժիշկը ծոցեն հանեց թերթակալը կամ տետրոնը, երկուքեն որն որ ուզեք, կրնաք գործածել, ազատ եք նաև ոչ մին գործածելու և ոչ մյուսն, թուղթ մը քաշեց անոր մեջեն և մատիտով քանի մը բառ գծելեն ետքը թուղթին վրա՝ Աբիսողոմ աղային տվավ զայն ըսելով.


— Ասիկա կարմիր ջուր մ՝է. ժամը մեկ անգամ կը խմեք անկից խահվեի գավաթով. թեպետև քիչ մը լեղի է, բայց ազդու է։


— Շատ աղեկ։


— Մոռցա հարցնելու, թե բնությունդ ի՞նչպես է։


— Բնությունս... շիտակը, խարդախ մարդերեն չեմ ախորժիր. ամենուն հետ աղեկ կը վարվիմ...


— Ամեն առտու դուրս կելլա՞ք, հարցուր բժիշկն՝ խոսքին ձևը փոխելու ստիպվելով։


— Հոս գալես ի վեր երկու առտու դուրս չկրցի ելնել:


— Իրա՞վ կըսեք։


— Սուտ խոսելու ի՞նչ պարտք ունիմ։