Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 3 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/81

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Ես անանկ խայտառակություններ չեմ սիրեր։


— Ես կատակ ըրի։ Աբիսողոմ աղա. բայց կատակը մեկդի դնենք և լրջորեն խոսինք, ըսավ փաստաբանը ծանր կերպարանք մառնելով. լսեցի, որ շոգենավուն մեջ մեկու մը հետ քիչ մը առեր, տվել եք, և այն մեկը ձեր պատվույն դեմ ծանր խոսքեր ըրեր է։


— Ամենևին:


— Թե դուք ալ անոր քանի մը խոսք ըրեր եք...


— Բնավ։


— Թե վերջը ծեծկըվուքի ելեր եք...


— Անանկ բան մը բնավ եղած չէ։


— Թե դուք անոր գլխուն զարկեր եք...


— Սուտ է։


— Թե անիկա ալ ձեզի ապտակ մը տվեր է...


— Բոլորովին սուտ։


— Թե երրորդ մը մեջ մտեր է...


— Երկրորդ չկա, որ երրորդ ըլլա:


— Թե քու թևեդ քաշեր է...


— Սխալ։


— Թե անոր ալ ձեռքը բռներ է...


— Սուտ։


— Թե ասանկով զձեզ բաժներ է...


— Բնավ տեղը չկա։


— Թե դուք այս բաժանումեն գոհ չըլլալով՝ դատ բանալ ուզեր եք։


— Որչա՜փ սուտ։


— Թե վարպետ փաստաբան մը փնտրեր եք...


— Ամենն ալ սուտ։


— Թե զիս կանչել տալ ուզեր եք...


— Ամենևին։


— Որպեսզի ձեր դատը պաշտպանեմ, և ես ալ ասոր համար եկա։


— Ատանկ բան մը չկա։


Այս խոսակցության միջոցին երկու երեք հոգի ևս կուգան