Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 3 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/83

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

բոլորովին կը մոռնանք։ Այս պակասությունը, եթե երբեք պակասություն է, մեր վրա գրելու չէ, այլ նյութին բնությանը։ Ամեն նյութ բնություն մունի։ Նյութ կա, որուն բնությունն է լալ, նյութ կա, որուն բնությունն է խնդալ, նյութ կա, որուն բնությունն է համոզել, նյութ կա, որուն բնությունն է հուզել. դարձյալ նյութ կա, որուն բնությունն է արձակ, ինչպես նաև կա, որուն բնությունն է ոտանավոր, վերջապես նյութ կա, որուն բնությունն է կրկնություն...։ Յուրաքանչյուր նյութ իրեն հատուկ ընդհանուր բնութենեն զատ ունի նաև մասնավոր բնություններ։ Եվ որովհետև մենք հոս ճարտասանության դաս տալու պաշտոն չունինք, համառոտիվ մեր միտքը բացատրենք և անցնինք։ Մոլիերի Միզանթրոբնալ կատակերգություն է, Լե Ֆաշեոն ալ, բայց ասոնց յուր ալ ան չլուրն իրարմե այնքան տարբեր մասնավոր բնություններ ունին, որ Մոլիեր չէր կարող Լե Ֆաշեոյի տեսարաններով Միզանթրոբ մը շինել, ոչ ալ Միզանթրոբի տեսարաններով Լե Ֆաջեոն գրել։ Կարծեմ կրկնություն է ըսել, թե ես ալ ուրիշ վեպերու տեսարաններով չէի կարող դրել Մեծապատիվ մուրացկաններս, որոնց բնությունն է աներևույթ ըլլալ Աբիսողոմ աղային անգամ մը ներկայանալեն ետքը։ Կը խոստովանիմ, որ եթե սույն նյութը Օվրատիոս առներ, երգիծանք մը կը շիներ, և եթե Մոլիեր ձեռք անցուներ, կատակերգություն մը կը հորիներ. բայց մենք, որ ապրելու պետք ունինք, ստիպված ենք ժամանակին հարմարիլ, շատ անդամ բանթալոնեն բաճկոն և երգիծանքեն վեպ շինելով։ Այս համառոտ բացատրութենեն ետքը դառնանք Աբիսողոմ աղային:


Աբիսողոմ աղան, ինչպես կը հիշե ընթերցողն, տուն դարձավ շարունակելով յուր բարկությունն, զոր զգացած էր ճաշարանի մեջ ունեցած ինքնահրավեր սեղանակիցներուն վրա։ Տուն դառնալուն պես իմաց տրվեցավ, որ քսանի չափ նամակներ ղրկված էին իրեն։ Վեր ելավ, նամակները մեկիկ մեկիկ բացավ, կարդաց, պատռեց և գետինը նետեց։ Սենյակին մեջ քանի մը անգամ դառնալեն ետքը հանկարծ կանգ առավ և պոռաց.