Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 3 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/87

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Ինչո՜ւ պիտի խպնիմ, պատասխաներ Աբիսողոմ աղան չվարելով։


— Ինչո՜ւ խեղճ տղան երկու ժամե ի վեր հոս կսպասցունես։


— Ո՜վ կսպասցունե, ո՞վ կուզե, որ սպասե, կը վռնտեմ, չերթար։


— Կը վռնտես, բայց առանց մի ոսկի պարտքդ տալու:


— Ո՞վ պարտք ունի անոր։


— Դուն ունիս. և եթե ան չըսեր ինձի, թե քեզմե առնելիքն այս իրիկուն պիտի առներ և ինձի պիտի տար, ես չէի տպեր այդ տոմսակներն և ներկայացման աղգերը։ Երկու ժամ է, որ դռան առջև կսպասեմ, որ իջնա և պարտքը տա. և դուն հոս կը խաղցունես խեղճը։


— Աս ի՞նչ Է, ես անոր պարտք ունենա՜մ... ամենևին...


— Ամենևին, ըսավ Մանուկ աղան:


— Ես անպատճառ առնելիք ունիմ չըսի քեզի, պարոն տպարանապետ, ըսավ դերասանը, այլ ըսի, թե օթյակի տոմսակ մը պիտի տամ, ոսկի մը պիտի առնեմ։


— Ինչո՜ւ ուրեմն խաբեցիր զիս, ստախո՛ս:


— Որպեսզի ծանուցումները ետ չմնան:


— Ես քու խաղալի՜կդ եմ։


— Ան քու խաղալի՜կդ է, ըսավ Մանուկ աղան՝.


— Ինչո՜ւ խաղալիկս ըլլաս:


— Թշվառական, խայտառակ, անամոթ, աներե՛ս...


— Ատոնց ամենն ալ դու ես։


— Դո՛ւ ես։


— Ես չեմ, դու ես։


Ես չեմ, դու ես-ի վրա ծեծկվուք մը կը ծագի դերասանին և տպարանապետին մեջտեղ, Աբիսողոմ ու Մանուկ աղաները մեծ դժվարությամբ կը հաջողին զանոնք իրարմե բաժնել։


— Վա՛ր իջե՛ք, պոռաց Աբիսողոմ աղան զանոնք զատեկեն ետքը, վար իջե՛ք և հոն կռվեցե՛ք։


— Դուն մեր կռվույն խառնվելու ի՞նչ իրավունք ունիս.