Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 3 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/94

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

տիրե, ազգին աղքատները շատ են։ Ինչ որ է, կսպասեմ ձեզի ու ի միասին կերթանք։


— Սա անպիտանն ալ մազերս շտկելու համար եկավ ու...


Այս միջոցին պարոն Դերենիկ ներս կը մտնե ու


— Հրամմեցե՛ք, կըսե, սրահը։


— Բայց մազերս...


— Հոգ չէ, ես կը սանտրեմ։


— Բայց պեխերս...


— Վնաս չունի ես կը շտկեմ։


Պարոն Դերենիկ Աբիսողոմ աղային կառաջնորդե լուսանկարի սրահը։


Քահանան առանձին կը մնա և կսկսի մտքովը հետևյալ խորհրդածություններն ընել։ Բայց ի՞նչպես կրնանք մտքով եղած խորհրդածություններն գուշակել, դեմքեն անշուշտ, դեմքերը շատ անգամ կը խոսին, ինչպես հարուստներուն, նույնպես նաև աղքատներուն լեզուն շատ անգամ անոնց դեմքին վրա է։ Մեկու մը դեմքը նայելով կրնանք ըսել — Այս մարդն իզմե ստակ ուզելու եկած է, կամ այս մարդն ինձի ստակ տալու եկած է։


Քահանային դեմքն ալ կըսեր, «Ինչ ճանբա բռնեմ, որ սա ձմեռվան ածուխիս ու փայտիս ստակն սա մարդեն փրցնեմ»։


Քահանան այս խորհրդածությանց մեջ էր, երբ սափրիչն ներս մտավ նորեն ու քահանային ըսավ.


— Տեր հայր, գործս ավրեցիր, եթե ներս չմտնեիր, քանի մոսկի պիտի փրցնեի այս մարդեն, տվող է՝ կըսեն կոր, տվող, բոլոր խմբագիրներուն և դասատուներուն ստակ տրվեր է։


— Եղբայր, անոնք չե՞ն մի, որ պատճառ կըլլան կոր, որ մեզի պես աղքատները չեն կրնար կոր օտարականներե ստակ փրցնել։ Հյուր մը եկա՞վ մի, բոլոր խմբագիրներն ու դասատուները վրան կը թափին կոր... անիծեալ գարշելիներ...


— Ի՞նչ պիտի ընենք հիմա։


— Ես քեզի համար կը բարեխոսեմ, դուն ալ ինձի համար միջնորդե, գոնե մեյմեկ կտոր բան փրցնենք սա մարդեն: