Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 4 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/106

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

<35>

Ի՞նչ եղար, պարոն Տիզրայելի... երեսիդ գույնը ինչո՞ւ մեկեն ի մեկ շրջեցավ, երեսդ ի վեր մո՞ւկ մը ցատկեց, թե քսակդ կորսվեցավ։


Սա Պիսմարքիդ պատասխան մը չտա՞ս... անանկ ատենաբանություն մը ըրավ, որ ատենաբանութեան չի նմանիր։ Քառասուն անգամ կարդացի զայն, որպեսզի եզրակացություն մը հանեմ. հոգիս ելավ, եզրակացություն չելավ։


Վերջապես շատ մը աշխատելեն վերջը, որպես կրցի բացատրել այդ ատենաբանությունը։


Ես կռվի մարդ չեմ... չեմ կարծեր, որ ծագի անանկ կռիվ մը, որ անհրաժեշտ է. թող չեմ տար, որ Անգղիա Թուրքիս օգնե... և եթե չկարենամ թող չտալ, ես ալ այն ատեն Ռուսիո պիտի օգնեմ։ Իմ անուշիկ Ավստրիայիս մորուքը իմ ձեռքս է... մեկը անոր բան մը ըսելուն պես պատասխանը ինձմե պիտի առնե... պիտի ըլլա, բայց չեմ կարծեր որ խաղաղությունը ավրվի... թող պիտի տամ՝ որ Ռուսիա և Թուրքիա իրարու գլուխ պատռեն... հավանական է, որ Անգղիա և Ռուսիա իրարու մեջ գոյացնեն համաձայնություն մը որ հավանական չէ... կարծեմ թե միտքս աղեկ բացատրեցի... մեզի համար խնդիր չկա... բայց եթե մեկը Ռուսիո և Ավստրիո գործին խառնվի, այն ատեն մեր միջամտությունը պետք է. չեմ կարծեր որ մեր միջամտությունը պետք ըլլա. եթե ըլլա՝ հայտնի է, որ պետք եղած է, եթե պետը չըլլա՝ ավելորդ է ըսել որ պետք եղած չէ։ Կրնա նաև պատահիլ, որ պետք ըլլալիք միջոցին պետք չըլլա։


Շիտակը սա Պիսմարքը շատ հստակ խոսող մարդ մէ, միայն հանցանք մը ունի, որ բևեռագիր կը գործածե...


Տարիե մի վեր կըսեինք Պիսմարքին.


— Ինչո՞ւ չես խոսիր կոր... այս խնդրույն մեջ ինչո՞ւ ուշացար, չգիտես այն առակը, որ կըսէ թե կանուխ ելնող տղուն մեկը օր մը քսակ մը գտեր է։


— Այդ քսակը կորսնցունողը գտնողեն կանուխ ելած է, կըսե առակը, կը պատասխանե եղեր մտքեն Պիսմարքը։