Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 4 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/111

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

<36>

Ըսե՛ք ինձի, ձարը քրիստոնեից վիճակը բարվոքելո՞ւ համար պիտի պատերազմի, թե յուր զորաց սուրբ Գեորգա պատվանշան բաշխելու համար։


Եթե ձարին առջի օրը յուր զորաց ուղղած խոսքերուն նայինք, այնպես կը հասկցվի, որ զորքերը իրմե պատվանշան խնդրեր են և ձարն ալ նկատելով՝ որ բան մը շեղած պատվանշան տալը անտեղի է, որոշեր է, զորաց սիրտը չկոտրելու համար պատերազմ հրատարակել, որպեսզի քրիստոնեից վիճա... ոչ, ոչ, որպեսզի իր զորաց սուրբ Գեորդա պատվանշան տա։


Թո՛ղ զորականք բարով վայլեն իրենց ապագա պատվանշանները, մենք աչք չունինք, սակայն կը կարծենք, որ շատ անհարմար ժամանակի մեջ ելան պատվանշան ուզելու. այնպիսի ժամանակի մը մեջ՝ ուր ձարը խաղաղության պահպանությանը համար պետք եղած բոլոր... բանակները կազմելով՝ դեսպանաժողովին լմննալուն կսպասե։


Դեսպանաժողովին մեջ ձարին առաջարկությունները իբրև վերջին խոսք պիտի նկատվին եղեր, սա բրի ֆիքսին պես, ոչ ավելի պիտի ըլլա եղեր, ոչ ալ պակաս։


— Երեսունը ինը փարա տանք նե՝ չըլլա՞ր։


— Ո՛չ, ես մեկ խոսք կընեմ, ես Անտրասի չեմ, որ հարյուր գուրուշ ուզեմ ու տասնհինգի տամ։


— Կոտրեցե՛ք պզտիկ բան մը:


— Չեմ կրնար կոտրել, գործիդ կուգա նե։


— Այդ առաջարկությունդ շատ սուղ է։


— Սուղ է, բայց շատ կը դիմանա։


— Ի՞նչ կը դիմանա չգիտեմ, կը հիշե՞ս, ես քեզմե առաջարկություն մալ առեր եմ ժամանակով...։


— Այո՛, կը հիշեմ։


— Ամենևին չդիմացավ, քիչ ատենեն կոտրեցավ, ավրվեցավ։


— Ստակը կանխիկ չտվիր, ատոր համար։


— Ինչ է նե՝ քիչ մը բան տանք ու հարմարինք, դարձյալ իրարու երես պիտի նայինք... ես քուկին ամեն օրվան մյուշթերիդ եմ...։