Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 4 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/121

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Մարդիկ իրենց որովայնը պարարելու և զիրար պատվելու համար զմեզ կը բռնեն կը տապկեն ու նախ սեղաննին և ետքը փորերնին կը զարդարեն։ Քանի մը անգամ բողոքեցինք մարդոց այս անգթության դեմ և վերջապես մեր բողոքը նկատողության առնվելով ընկերություն մը կազմվեցավ կենդանիները պաշտպանելու նպատակավ։


Բոլոր հույսերնիս այս ընկերության վրա չդնելով՝ մենք ևս կարելի եղածին չափ դաստիարակել սկսանք ձուկերը, որպեսզի չերթան ուռկանին մեջ մտնան։ Այս դաստիարակությունը բավական օգուտներ ունեցավ. հիմակվան ձուկերը առաջվան ձուկերուն պես ապուշ չեն, կարթեն և ուռկանեն դյուրավ չեն խաբվիր, ռամիկ մասը միայն կրնա խաբվիլ, ինչպես որ ուրիշ ժողովրդյան ռամիկ մասը կը խաբվի։


Մինչդեռ մենք այս դաստիարակությամբ մեր ժողովրդյան բարօրություն պատրաստելու ետևե էինք, որովհետև. Պիսմարք իշխանին ըսածին պես մենք ուրիշներե օգնություն չէինք հուսար, և ահավասիկ տեսանք, որ ծովը տակնուվրա ըլլալ սկսավ. երկու հարյուր հազարի չափ ձուկ կորսվեցան, ոմանք վախերնուն մեռան, ոմանք ալ ուղեղնին կորսնցնելով ծովու մեջ... խղդըվեցան, ոմանք ալ Սերվիո զորաց պես փախչելով ցիր ու ցան եղան։


Անշուշտ հասկցաք որ թորփիլ փորձին վրա է խոսքս, թորփիլի՝ ձուկերու ժանտախտի վրա։


Այո՛, թորփիլն է, որ ստիպեց զմեզ այս ցավալի դիտողություններն ընելու՝ թորփիլը՝ որուն պատճառ տվավ արևելյան խնդիրը։


Ամենեն առաջ մենք կրեցինք արևելյան խնդրոյն հարվածը, այո՛, մենք կրեցինք, որովհետև սլավ ցեղե չէինք. եթե սլավ ըլլայինք ռուսը թող չէր տար որ Պոլսո մեջ թորփիլի փորձ ըլլար:


Վերջացնելով խոսքերնիս, բոլոր տերությանց ուշադրությունը կը հրավիրենք մեր վիճակին վրա և կը քնդրենք, որ ասկից վերջը թորփիլի փորձը ցամաքի վրա ըլլա։


Կը խնդրենք նաև, որ գումարելի դեսպանաժողովին մեջ ձկանց վիճակն ալ նկատողության առնվի: Մենք ևս կը բո-