Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 4 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/16

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

քոքոնա Պաղտատլյան ըսվի, իսկ եթե հրեաերեն ըլլա՝ ան ատեն ալ համ Նալյան և պուլիցս։ Փափազյան ըսվի։ Ահա տրամաբանական հետևություն մը որ սապես կը պարզեմ. երբ ես առաջ կերթամ ստվերս ետ երթալու է: Հատիքա ալ աղվոր շարիվարի կը գրե եղեր։


Ես ալ կը փափագիմ որ, բայց մի բարկանար Հատիքա, դերասաններեն յուրաքանչյուրն իր ազգին պատվանունը գործածե. տաճիկն՝ էֆենտի, հայն՝ պարոն, հույնը՝ քիրիե. իսկ տեսարանին վրա մյուսյու ըլլան, էֆենտի ըլլան, փաշա ըլլան ինչ որ կուզեն ըլլան, փույթ չէ։ Բայց Հատիքան՝ դերասանները էֆենտի ընել կուզե եղեր, մենք աչք չենք տնկեր. Աստված տա վարագույրներն և չվաններն ալ էֆենտի ընե. և Պենկլյանն ալ տեսարանը պատրաստած ատեն պոռա, փողոց էֆենտի ձգե, անտառ էֆենտին վեր քաշե և այլն։


Բայց պարոն Հատիքան (քանի որ հայերեն կը խոսիմ, ըստ տրամաբանության Հատիքայի պարոն պիտի ըսեմ) այսչափ կարգադրությամբ չբավականանար. կը բարկանա, ոտքերը գետին կը զարնե, կը պոռա թե ինչո՞ւ համար դերասանները գլխարկ կը դնեն, պեխերնին կածիլեն, առտուները չայ կը խմեն և իրիկունները պիլարտո կը խաղան, հելե գլխարկ դնելնին պարզապես հալթ ընել է:


Մի՛ բարկանաք, պարոն Հատիքա, կիրքով խոսելնուդ համար ըսածնիդ չեք գիտեր կոր. եթե հանդարտությամբ խոսիք, պիտի կրնաք միտքերնիդ հասկցնել։ Արվեստներ կան, որոնք իրենց որոշ հագուստներն ունին, օրինակի համար դաշտի մը մեջ աշխատող գործավորի մը՝ արևակեզ չլինելու համար գլխարկ գործածելը տեսնելու ըլլաս նե՝ պիտի պոռա՞ս թե, Թյուրքիո մեջ ես, և ինչու ֆես չես դներ։ Բայց, կըսես գաղղիացի դերասաններեն ոմանք ալ ֆես կը դնեն երկրորդ անգամ կաղաչեմ. ի սեր տված խրատուդ, ի սեր տրամաբանությանդ և ի սեր բարկությանդ, բացառութենեն ընդհանուր կանոն մի՛ հետևցներ, ինչու որ այդ հետևությամբ մեկ կույրի մր համար, բոլոր աշխարհ կույր կըլլա. մեկ տկար լրագրա մը համար, բոլոր լրագիրներն. ալ տկար եղած կըլլան: