Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 4 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/186

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


սուրբ մը հիմա սրբոց մեջ ալ հազվագյուտ է։ Ընդհակառակն, երբ տեսնեք մարդ մը, որուն գրպաններուն մեջ ստակ կը գտնվի, հեռացե՛ք իրմե, փախե՛ք իրմե. որովհետև այդ մարդը բարի չէ, և կրնա ձեզի վնաս հասցնել:


Ինչպես որ բժիշկները մեկու մը հիվանդ կամ առողջ ըլլալը հասկնալու համար անոր լեզուն կամ բազկերակները կը քննեն ես ալ մեկու մը բարի կամ չար ըլլալը իմանալու համար՝ անոր քսակը կը քննեմ, և չեմ սխալիր։


Ինչ որ ուզեն, թո՛ղ ըսեն, ես կըսեմ, որ բարի մարդը ստակ չկրնար վաստկիլ, և պետք չէ որ վաստկի։ Ստակ վաստկելու համար ստախոսություն պետք է, սուտ երդում պետք է, երբեմն ուրիշին կոկորդեն բռնել, սղմել պետք է, ով որ այս ըսածներուս չհավտար, կաղաչեմ, կը խնդրեմ, շնորհ ընե՛, թո՛ղ ցցունե մեկը ինձի, որ Ավետարանի հետևելով սպասավորներու, կառքերու, վարժապետներու, ձիերու և աղվոր պես լեմեներու տեր եղած ըլլա։ Բայց, չկա մեկը, որ այս մասին վիճաբանության մտնա հետս. հարուստներն իսկ կնդունին այս քարոզս, ճշմարտություններս, բայց ինքզինքնին արդարացնելու համար կըսեն թե՝ առուտուրի մեջ սուտ խոսելը, մարդ խաբելը, բնավ չարություն չնշանակեր, և որպեսզի ընդհանրացնեն այս սուտ ճշմարտությունը կամ այս ճշմարիտ ստությունը, մեջերնին առած մալ հնարեր են ու կսեն, տոսթլուք քանթարլան, ալըշվերիշ մըսքալլան: Այս առածը կրկնելեն ետքը աչքդ անգամ կը գողնան եթե հաջողին:


Բայց ինչո՞ւ տարակուսինք այս ճշմարտության վրա, միթե այսօր չե՞նք տեսնար կոր մարդիկ, որ իմ շահս այսպե կը պահանջե ըսելով ուրիշներուն դժբախտությանը պատճառ կըլլան կոր և առանց ամչնալու կարդարանան կոր:


Հարուստ մարդու մը ձին ինձի կից մը կուտա և մարմինս ջարդ ու բուրդ ընելով գետինը կը պառկեցնե կոր զիս. ներկա եղողներեն մեկը չհամարձակիր կոր քովս մոտենալու, թևես բռնելու և զիս վերցնելու, որպեսզի ձիուն արժանապատվությունը չվիրավորվի որպեսզի ձիուն տերը չելնե վաղը իրեն ըսե թե՝ իմ ձիուս հարվածած անձին դուք պաշտպանություն ըրած եք եղեր. և ասիկա իմ ձիուս անպատվություն կը բերե։