Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 4 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/217

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Դեռ ըսելիք մը ունի՛ք... ահավասիկ Անգղիա բրոթոքոլը ստորագրեց։ Սիրտերնիդ թո՛ղ հանգիստ ըլլա։


Կը մնա մեզ հիմա գիտնալ թե այդ ստորագրությունը ե՞րբ պիտի ջնջվի։


Եթե Ռուսիա, կըսեն հեռագիրները, իր զորքերը չցըվե՝ բրոթոքոլի թուղթը սառի կը կերպարանափոխվի։


Կը մնա մեզ նաև գիտնալ թե այդ բրոթոքոլը մեր ժողովներեն պիտի ընդունվի։


Ոչ, կը պատասխանե հասարակաց կարծիքը։


Եթե այս ոչը հաստատվի՝ Ռուսիա իրավունք պիտի ունենա՝ մեզի դեմ պատերազմ հրատարակելու։


Ոչ, կը պատասխանե թագուհին։


Ի՞նչ պիտի ըլլա ուրեմն այս ոչերուն վերջը։


Օր մը այո պիտի ըլլա։


Էլիոթնիս ալ ձեռվընուս առին...


Ականջը խոսի մարդուն...


էլիոթին տեղը քանի մը օրեն մայրաքաղաքս կուգա պարոն Լեյըրտ անունով մարդ մը, որ օսմանցոցս շատ համակիր ու բարեկամ է եղեր...


Անգղիո քանի մը լրագիրները այս ընտրությունը աղեկ չեն գտնար կոր։ Ասոնք կուզեն կոր անանկ մարդ մը ղրկել հոս, որ մեզի հակակիր ու թշնամի ըլլա, օսմանցի մը տեսնե նե՝ երեսը անդին դարձունե, մեր և ոչ մեկ ըրածին հավանություն ցցունե, մեր այոյին՝ ոչ և ոչին՝ այո ըսե, վերջապես անանկ դեսպան մը ըլլա, որուն պաշտոնը ըլլա մեր շինածը քանդել։


Անոր քանդածը մենք վերաշինելու աշխատինք, ասանկով ժամանակ անցնի ու բարեկարգությանց չկարենանք ձեռնարկել:


Այս է անոնց նպատակը։


Ուզած դեսպաննին թող ղրկեն, բավական է, որ մենք հաստատապես միտքերնիս դրած ենք բարեկարգվիլ։