Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 4 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/222

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Խիկար, քեզի բան մը պիտի հարցունեմ։


— Հարցո՛ւր։


— Գավառական ժողովներու անդամոց կեսը թուրք, կեսը քրիստոնյա՞ ըլլա՛, թե առանց կրոնի խտրության ավելի քվե վաստկողը անդամ ընտրվի։


— Արդարությունը կը պահանջե, որ կեսը թուրք ըլլա, կեսն ալ քրիստոնյա, և ասոր համար կառաջարկեմ, որ բոլոր անգամները քրիստոնյա կրոնավորներե ընտրվին։


— Ինչո՞ւ, կեսը թուրք ըլլա, կըսեիր կոր նե։


— Այո՛, անդամ ընտրված քրիստոնյա կրոնավորներուն կեսը թուրք, կեսը քրիստոնյա չըլլար մի յա բնականաբար։


— Իրավունք ունիս, ամենքնիս ալ հիմա օսմանցի կը սեպվինք կոր ա՛։


Պատիվ ունինք ծանուցանելու, որ Մինաս Էֆենտի Գափամաճյան Մասիսի Րուզնամեն նորեն պիտի սկսի հրատարակել Ապագա անունով։


Լրագրական ասպարիզին մեջ Գափամաճյան Էֆենտիի մինչև հիմա բռնած ընթացքը, որ արդեն ծանոթ է իր բաժանորդաց և ընթերցողաց, նամանավանդ թերթին անվան մասին ըրած փոփոխությունը հուսալ կուտա մեզ, որ արժանավայել կերպով կը քաջալերվի հիշյալ խմբագիրը և չստիպվիր օր մալ իր անունը փոխելով նորեն հրապարակ իջնելու։


Կը շնորհավորենք մեր պաշտոնակցին Ապագան, որն որ մեզի խիստ մութ կերևի, դեռ լույս տեսած չըլլալուն համար։


Խմրագրի մը ապագան...


Կեցցե Մինաս էֆենտի Գափամաճյան, բայց չեմ կարծեր, որ երջանիկ ըլլա յուր ապագան։


Ողջ ըլա Անտրասին։


Սա մարդուն վրա շատ բաներ ըսինք, բայց մարդը մեզի բարեկամ է եղեր։


Քարատաղին հետ կովի նորեն սկսելնուս պես Ավստրիա Պոսնան պիտի գրավե եղեր։