Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 4 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/226

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Մենք կը կարծենք, թե Բրուտը հորդած ըլլալուն պատճառավ դժվարություններ կը հարուցանե կոր կամուրջները շինելու մասին։


Ըստ մեր տկար կարծյաց, երբ Բրուտի ջուրերը բոլորովին քաշվին ու գետը բոլորովին ցամքի՝ այն ատեն ավելի դյուրությամբ կը շինվին կամուրջները, և զորքերն ալ այն ատեն ավելի շուտ կանցնին կամուրջին վրայեն ու... տակեն։


Հավանականությանց նայելով՝ տասնըհինգ օրեն պիտի սկսի կռիվը, իսկ ստույգ ոչ ոք գիտե՝ թե երբ պիտի վերջանա։


Անցյալ օրվան հեռագրալուրերը կարդացիք անշուշտ, ամենն ալ աղերսագիրներ էին Ռուսիո կայսեր մատուցված։


— Կաղաչե՛նք, վեհափառ տեր, խաղաղություն ըրե՛ք։


— Գուզում վեհափառ, արյունահեղությանց պատճառ մ՝ըլլար։


— Սա ըլլաս նե՝ չկա մի, մեծ պոյեն կը բարկանանք։


— Ճանըմ վեհափառ, եկո՛ւր, չէ մի՛ ըսեր։


Այս խոսքերը որչափ մարդասիրական, գրեթե այնչափ անօգուտ են այսպիսի պարագաներու մեջ։


Վերջին Ֆրանկո-բրուսական պատերազմին մեջ Վիքթոր Հյուկո ինչեր չըսավ.


«Եթե ես մեծ բանաստեղծ մը չկարենամ ըսվիլ, դուն ալ (Կիյյոմին) մեծ թագավոր մը չպիտի կրնաս ըսվիլ. մատ մը հող չպիտի տանք, ես ալ զավկներուս հետ պատերուն վրա ելնելով՝ դեմ պիտի դնեմ ձեզի, սանկ պիտի ընեմ, նանկ պիտի ընեմ և այլն և այլն» և այս խոսքերուն առջև Պիսմարք ուոքի վրա, երկու ձեռները երկու ծունկերուն վրա դրած՝ խնդալեն կը ճաթեր, շատ թոհաֆ մարդ է սա Վիքթոր Հյուկոն կ՝ըսեր և զորաց դառնալով՝ ռմբակոծեցեք, կւ մռնչեր, Բարիզը։


Մարդասիրություն քաղաքականության մեջ... անմեղություն փնտրել է սատանայության մեջ։