Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 4 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/228

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

<70>

Ձեզ կըսեմ, մարդիկ. սկսեցե՛ք ապաշխարելու. ապաշխարության օրեր են։


Հազիվ թե կրօնական մեծ պահքեն ելանք՝ քաղաքական մեծ պահքի մտանք:


Ռուսիո դեսպանատան դռան վրա թևերնին բացած երկու արծիվներ կային. երեկ այդ արծիվներուն առջևը սև վարագույր մը քաշելով՝ մեկնեցան հիշյալ դեսպանատան մարդիկը։


Մեզ կը մնա հիմա երթալ այդ արծիվներուն. առջևը մոմ վառել և աղոթել, որ ժամ առաջ վարագույրը նորեն բացվի. որովհետև օրացույցը չգրեր, թե այս մեծ պահքը որշափ պիտի տևե, թե այս մեծ պահքին մեջ ալ միայն միս չպիտի կրնանք ուտել, թե հաց ալ չպիտի կրնանք ուտել։


Զինանշանին վար առնվիլը և արծիվներուն վրա սև վարագույր քաշվիլը քաղաքական լեզվով բարեկամության դադարում կը նշանակեն եղեր։ Ես հավատք չեմ ընծայեր այս խոսքին, որովհետև եթե իրօք այսպես ըլլար՝ այդ խեղճ արծիվները Պոլսո մեջ մինչև հիմա վարագույրի ետևը մնալու էին։


Ըսել է որ այդ դեսպանատան մարդիկը կամ մեզի բարեկամ ձևանալու համար և կամ արծիվներու շնորհք մը ընելու համար մինչև հիմա այդ բանը չըրին։


Ինչ որ ալ ըլլա՝ Ռուսիա այս վարմունքով անկեղծության մեծ նշան մը ցույց տվավ, պարզապես հայտնեց՝ թե ես ալ քու բարեկամդ չեմ:


Այս հայտարարությունը երկու տարի առաջ ընեիր նե՝ չէ՞ր ըլլար, ա՛ Կորչաքոֆ...


Մեր ըսածը ելավ:


Ռումանիա կերպով մը բողոքել կը ձևանա կոր Ռուսիո զորաց Բրուտի այս կողմը անցնիլ ուզելուն դեմ։


Ռոմանուլա լրագրին նայելով՝ Ռումանիա իբրև թշնամի պիտի նկատե եղեր այն զորքերը, որ Ռումանիո սահմանա-