|
Անգ. — Դու իմին ո՛վ ըլլալս կարծեմ տակավին չես գիտեր կոր։
Ռուս. — Ներեցե՛ք. բա՞ն մը ըրինք, բարկացուցինք ձեզի։
Անգ. — Դեռ ի՞նչ պիտի ընես, քրիստոնեից վիճակը պիտի բարվոքեմ ըսելով՝ չըլլալիք բաները կ՝ընես կոր։
Ռուս. — Ձեզի բան մը կընե՞մ կոր յավրուս:
Անգ. — Չէ՞ մի որ իմ բարեկամիս կ՝ընես կոր։
Ռուս. — Ես ալ քու բարեկամդ չե՞մ մի, թող տուր երկու բարեկամներդ իրարու հետ քիչ մը կռվին։
Անգ. — Ո՛չ. ոչ. ոչ. սա աղեկ գիտցիր որ եթե պատերազմը անհրաժեշտ ըլլա, ամենեն առաջ ես պիտի նետվիմ, ինձի չափ ոչ ոք պատրաստված է, և սուրս ի պատյան չպիտի դարձունեմ մինչև որ արգարությունը յուր տեղը չգտնա։
Ռուս. — Կուկո՜ւկ...
ՏԵՍԻԼ Բ
Ռուս. — Ներեցե՛ք. այսօր գլուխնիդ ցավցունեմ պիտի քիչ մը:
Անգ. — Ի՞նչ կա։
Ռուս. — Բրոթոքոլի պես բան մը։
Անգ. — Ի՞նչ ընեմ այդ բրոթոքոլը։
Ռուս. — Ստորագրե, էֆենտիմ։
Անգ. — Ստորագրե՛մ մի, Աստված չընե։
Ռուս. — Ստորագրե՛, ստորագրե՛։
Անգ. — <ըլլալու> բան չէ, ստորագրելուս պես պատերազմ պիտի հրատարակես։
Ռուս. — Կսպասեմ, շուտ ըրեք, գործ ունիմ, պիտի երթամ, ստորագրեցեք:
Անգ. — Անկարելի է։