Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 4 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/264

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ես այս զրույցին չհավատացի, մանավանդ անոր համար չհավատացի, որ Մուսիա այս առաջարկությունը չըրած անձրևները զանոնք ավրեցին։


Ըսելիքս սա է, որ ամեն խոսքի հավատք ընծայելու չէ։


<82>

Աչվընիս լո՜ւյս... ինչպես որ սովորություն եղած Է, կռվին հաշտություն պիտի հաջորդե, ինչպես որ հաշտության ալ նորեն կռիվ պիտի հաջորդե։


Երկու հոգի մեր կողմեն, երկու հոգի ալ մեր բարեկամ Ռուսիո կողմեն քիչ օրեն Ադրիանուպոլսո մեջ հաշտության նախնական սկզբունքը պիտի պատրաստեն եղեր։


Նախնական սկգբունք... դեռ ինչե՜ր պիտի լսենք, Աստվա՜ծ իմ... բնագիտության, քիմիաբանության նախնական սկզբունքը լսած էինք, բայց հաշտությանը լսած չէինք։


Դասագի՞րք պիտի շինեն այս մարդիկը, ի՞նչ պիտի ընեն, արդյոք գերապատիվ Խորեն եպիսկոպոսի հրատարակած քրիստոնեականներուն պես նախ Նախնական հաշտություն ու վերջն ալ Կրթական հաշտությո՞ւն մը պիտի հրատարակեն։


Իմ խելքս չհասնիր, միայն սա կը տեսնամ, թե համառօտ հաշտություն մը պիտի հրատարակենք առայժմ, և եթե ժողովրդյան կողմե լավ ընդունելություն գտնե, այն ատեն ընդարձակ հաշտություն մը պիտի հրատարակվի։


Սպասենք։


Վայրկյանե վայրկյան հյուրերու կսպասենք, թե՛ ցամաքեն ու թե՛ ծովեն... պալոնով գալիք հյուր չունինք։


Մեկ երկու օրե ի վեր զրույց կը պտըտի, թե՝ Անգղիո նավատորմիցը նեղուցեն մտեր է, թե նորեն ելեր է, թե ետքեն դարձյալ մտեր է, թե վերջը նորեն ելեր է։ Եթե այս զրույցներուն ամենն ալ իրավ են, ըսել կ՝ըլլա, թե Անգղիո նավատորմիղին հրամանատարը հրահանգ ընդունած է իր կառավարութենեն, որ պարապ չնստի ու նեղուցեն մեյ մը մտնե մեյ մը ելնե։