Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 4 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/279

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

դիզելու ապրիլը անկարելի է մեզ, գոնե իմաստությամբ վարվելով պարտք չվճարելու գիտությունը սորվեցնենք մեր զավակաց։


— Ատ ալ գիտությո՞ւն է, պարտքդ չես տար, կը լմնա կերթա։


— Այնպե՛ս չէ, վարժարանի հոգաբարձություններն ալ ձեզի պես կարևորություն չեն տված այս գիտության և շատ սխալած են։


— Ինչո՞ւ։


— Անոր համար որ եթե ֆրանսերենի կամ անգղիերենի տեղ այս գիտությունը սորվեին մեր երիտասարդները՝ իրենց պարտատերերը տեսնալնուն պես չէին շվարեր մնար, չէին սկսեր թոթովել, այլ համոզիչ խոսքերով գոհ կընեին իրենց պարտատերերը։


— Բայց պարտք չվճարելու գիտությունը սորվեցնելու տեղ եթե պարտք չդիզելու արհեստը սորվեցնենք՝ ավելի աղեկ ըրած չե՞նք ըլլար։


— Ոչ, պարտք չվճարելը ավելի շահավոր է... այս պարտք չվճարելը նոր բան մը չէ, Քրիստոսե իբր չորս հարյուր տարի առաջ է, քրիստոնեութենե շատ հին է... բայց ինչ օգուտ, որ քրիստոնեությունն այսօր կը պաշտպանվի և պարտքերնին չվճարողները երեսի վրա կը ձզվին...։ Ով որ ամպերուն վրայեն անցած է, տեսած է հարկավ Սթրեբսիատը՝ որ կաղաչե Սոկրատա, որ պարտքը չհատուցանելու արհեստը իրեն ուսուցանե։


— Թող այդ Սթրեբսիատը աքսիոն հաներ։


— Ըսել է թե՝ շատ հին ատեններու մեջ ալ պարտք չվճարել կա եղեր, մինչդեռ մեր խմբագիրներեն ոմանք կը պնդեն թե, իրենց օրովը տարածվեցավ այդ գիտությունը։


— Ասանկ ալ գիտություն լսած չունեի։


— Սոկրատի պես մարդու մը դիմելով անկե խորհուրդ հարցունելը կը հաստատե, թե այդ գիտությունը կարծվածին չափ դյուրին բան մը չէ։


— Իմ խելքս չհասնիր դրամական գործերու, Մալիեն գնա՛, անկեց կատարյալ տեղեկություն կառնես։


— Ուրիշ ի՞նչ ունիս։