Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 4 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/280

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Սա ցավալի լուրն ունիմ, որ էրզրումի մեջ քանի մամիսեն մարդ չպիտի մնա։


— Ո՞ւր կերթան կոր:


— Լըվընթի թղթակցին նայելու որ ըլլաս, ամիսը բնակիչներեն տասը հազար հողի թիֆոեն կը մեռնին եղեր։ Քաղքին մեջ ութսուն հազար բնակիչ հաշվելով, ըսել կըլլա թե ութ ամսվան մեջ Կարինը բոլորովին պիտի՛ պարպվի։


— Լըվընթի գրածին մեջ սուտ չկա՞։


— Կարելի՞ է որ չըլլա, բայց Որլափ կա, խնդիրը հոն է:


— Երկու զերո զեղչենք։


— Գեշ չըլլար, որովհետև Լըվընթին ըրածը քիչ մը անդթություն է կարծեմ, գրիչը ձեռքը առնել և ամիսը տասը հազար հողի ջարդել։


— Մեզի վերաբերյալ ի՞նչ լուր ունիս։


— Ձեզի վերաբերյա՞լ մի... գարիին գինը բարձրանալու վրա է։


— Գարին ի՞նչ վերաբերություն ունի մեզի, թո՛ղ ավստրիացիները մտմտան, որ գարեջուր կը խմեն. թող ձիերը մտմտան...։


— Մենք ալ մտմտանք, որովհետև խահվեի տեղ գարի կը գործածեինք, հիմա ի՞նչ պիտի ընենք։


— Աստված ողորմած է։


— Ուրիշ ի՞նչ ունիս։


— Քսակ մը լեցուն Թերսհանեի կեղծ պիլեթ ունիմ։


— Քաղաքական...


— Քաղաքակա՞ն... քաղաքական սա ունիմ. որ սա կռիվը լմննալեն վերջը դիվանագետներուն յուրաքանչյուրին մեյմեկ մեհյան պիտի կառուցանեմ, ամենուն արձաններն այդ մեհյաններուն մեջ պիտի կանգնեմ, և գլուխս բացած, անոնց երկրպադություն պիտի ընեմ։ Ասոնք մեր գիտցած ու ճանչցած չաստվածներեն շատ վեր են։ Աստվածներուն կենդանիներ կը զոհեին ասոնց մարդ կը զոհենք ու հարյուր հազարներով կը զոհենք։ Ես ասոնցմե վախցա։ Մնաք բարով։


— Ի տե՛սություն։