Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 4 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/308

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Վանի մեջ ալ տասը զինվոր, քյուրտ չհասկնաք, տասը զինվոր 18 տարու աղջիկ մը կը փախցունեն։


Իրողությունն իմաց կը տրվի, միշտ իմաց տալու է որ իմացվի, տեղական կառավարության՝ որն որ կը պատասխանե.


— Սա պայրամն անցնի, պետք եղածը կը տնօրինենք:


Եկու տե՛ս որ պայրամի մեջ ենք դեռ...։


Մինչդեռ մեր մորուքն այսպես բռնկած Է, անդիեն Ավետաբերը կուգա մեր մորուքեն իր սիկառը վառելու։


Մինչև որ կիրակի օրերը պատանիները տուն մը չժողովեք և անոնց Սուրբ գիրք կարդալ չտաք՝ ձեր ապագան վտանգի մեջ է, պապամ, կըսե։


Քանի մը տող վարն ալ կը պոռա։


«Ո՜վ ամերիկացի քրիստոնյայք, եկե՛ք միաբերան աղոթք ընենք, որ հայերը վերջապես ընդունին մաքուր քրիստոնեություն մը, որ միայն պիտի պահե զանոնք անհավատության մեջ իյնալե»։


Աղոթող քրիստոնյայք անպատճառ ամերիկացի՞ ըլլալու են. հին աշխարհեն մարդ գտնվելու չէ՞։


Ամերիկացո՞ց քրիստոնեությունը միայն մաքուր է:


Ամերիկացի քրիստոնյա չեղողն անպատճառ անհավատության մեջ պիտի իյնա։


Ամերիկայի սոպոներու և ութսուներու մաքուր ըլլալը գիտեինք, բայց քրիստոնեությանն ալ այսչափ մաքուր ըլլալը չէինք գիտեր, որովհետև լրագրաց մեջ ծանուցում չկար այս մասին։


Արդյոք Ամերիկայի քրիստոնեությունն ալ Մինասյանց վաճառատանը կը ծախվի:


Պատասխան տո՛ւր, ո՛վ սուրբ Ավետաբեր: Մենք ալ չվարեցանք մնացինք թե ի՜նչ ածական տանք ասանկ թերթի մը, որ տիրոջ անունր իրեն դրամադլուխ ըրած՝ աղվոր կուտե, կը խմե, երջանկագույն կյանք մը կը վարե...։