Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 4 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/309

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Լրագիր յուր ընթերցողներն սյլ իրեն պես մարգարե կը կարծե, ինչ կընե։


Անցյալ օր կըսեր թե՝ քանի մը թուրքեր Սելանիկի հյուպատոսին թշնամանք ըրեր են, թե Սելանիկի հյուպատոսը հրաման ըրեր է որ իրեն հայհոյողներուն մեկը բռնե, թե Սելանիկի հյուպատոսի քավասն ռեվոլվեր գործածելով անոնցմե մին վիրավորեր է, թե ոստիկանաց խումբ մը անմիջապես հասնելով ամբոխը ցրվեր է։


Սելանիկի ո՞ր հյուպատոսը։


Ընթերցողներեն մեկ քանին չկրնալով մարգարեանալ Լրագրի գրասենյակը կերթան։


— էֆենտի՛, Սելանիկի ո՞ր հյուպատոսին հայհոյած են։


— Այդչափ բանը չկրցի՞ք գուշակել։


— Ինչպե՞ս գուշակենք, հոն քանի մը հատ հյուպատոս կա։


— Թող ըլլա, գրվածքին եղանակեն կը հասկցվի որ հոն ռուսական հյուպատոսին վրա է խոսքը։


— Ներեցեք, մնաք բարով։


— Երթաք բարով։ Կարդացածնիս չենք հասկնար, ելեր ինքն օրինություն ալ կուզենք։


Բարեկարգությունը քայլ մալ առավ դեպի գանձ։


Երկու հանձնախումբեր կազմվեցան, որոնց միույն պաշտոնը պիտի ըլլա մուտքին վրա հսկել և մյուսինն ալ պիտի ըլլա ելքին վրա։


Դրամարկղի տետրակին ձախ կողմը մեկը պիտի նստի և աջ կողմն ալ մյուսը. կամ տետրակը մեջտեղեն կտրելով մեկ կողմը մեկուն պիտի տրվի, մյուս կողմն ալ մյուսին։ ըստ մեզ՝ ավելի լավ կըլլար հանձնախումբին մեկը ամբողջ տետրակին հսկեր և մյուս հանձնախումբն ալ տետրակին վրա հսկող հանձնախումբին վրա հսկեր:


Վերջապես հսկում չէ մի...։


Վաքըթ կըսե թե՝ այս հանձնախումբերու կազմությունն մեծ տպավորություն պիտի ընե Եվրոպայի վրա։


Եթե Վաքըթի ըսածը իրավ է, ես կառաջարկեմ որ երկու հանձնախումբ ևս կազմվի, որպեսզի Եվրոպայի վրա ըլլայիք տպավորությունն ալ ավելի մեծ ըլլա։