Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 4 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/343

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

<13>

Վա՜նք... վա՜նք... վա՜նք...։


Գիտե՜ք, ընթերցո՛ղ, թե վանք ըսելով ի՛նչ պետք էր իմանայինք և ի՛նչ կիմանանք։


Վանք ըսելով այսօր կիմանանք ագարակ մը որ բավական գետին և արջառ ունի։ Այս ագարակին մեջ կը բնակին սնասուններ և սևեր հագված երկոտանի մարդեր, որոնք կուտեն, կը խմեն, կը քնանան և կեցցե Սահմանադրություն կը պոռան։ Այս սևազգեստներն ունին իրենց գլուխներն. որոնց վանահայր կըսենք և որք, քիչ բացառությամբ, ուրիշ պաշտոն չունին բայց միայն ագարակին բերած հասույթներն ի հաճույս վատնել, և երբ համար պահանջվի իրենցմե, Մասիս պատվական լրագրույն մեջ երկար հոդվածներ հրատարակել։


Վանք ըսելով կիմանայինք թե՝ վանահայր մը հոն դպրոց պիտի բանար, ուսումնական աշակերտներ պիտի նվիրեր ազգին, տպարան հաստատելով օգտակար գիրքեր պիտի հրատարակեր, և վանքին հասույթներն, ծախքերն օրինավոր տետրակներով ազգին պիտի ներկայացներ։ Ա՛րդ, ասոնց և ոչ մին ըլլալե ետքը, ելնել ըսել թե՝


«Այս ինչ վանքն այսչափ պարտք ունի։


Այս ինչ վանահայրն կոկորդն այսչափ դրամ անցուցած է։


Հետևապես ժողովուրդը պարտական է ազգասիրությամբ այս պարտքը վճարել»։ Պարզապես կը նշանակե, թե մենք աշխարհ եկած ենք հատկապես մեր արժանապատիվ միաբաններն սնուցանելու համար։


Եթե ես պարտրիարք ըլլայի՝ քսան տարվան փորձը բավական համարելով բոլոր միաբանները վանքերեն կը վռնտեի։ Ազգին շահ բերող վանքերն ի բաց առյալ, մնացած վանքերն իբրև ազգային կալված կամ վարձ կուտայի, և կամ կը ծախեի երկերկու վարդապետ միայն թողլով յուրաքանչյուր վանքին եկեղեցվույն մեջ. վասնզի ժողովուրդն ալ ձանձրացավ, զզվեցավ միաբաններն ալ, քիչ բացառությամբ վանահայրներեն ալ, վանքերեն ալ, վանքերե ըլլալիք ծառայություններեն ալ։