Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 4 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/351

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Բայց այս բոլոր փորձերն ու կրթությունները մեր երկրին մեջ պիտի ըլլան։


Աղեկ... ես ալ ելնեմ վաղը ուրիշի մը տուն մտնեմ, և երբ պատճառը հարցվի ինձ՝ պատասխանեմ թե՝


— Թաղային նպատակի մը համար չէ, ձեր սրահը մեծկակ ըլլալուն համար վալցի վարժություն ընելու համար եկա։


Կերևա որ՝ այս եվրոպական տերություններն իրենց դիմացինը չեն սեպեր, այս ընթացքով ասոնք վաղը մյուս օր իրենց զորքերն ալ կրնան մեր սահմանագլուխեն ներս մտցնել, և երբ պատճառը հարցվի իրենց՝ պատասխանել.


— Քաղաքական նպատակի համար չէ, ցամաքային վարժություններու համար է։


Անգղիա հիմակուհիմա չուզեց յուր նավատորմիղին ներկայությամբը մեր ջուրերը պատվել, այլ փափագեցավ Պեյքըր փաշայի ներկայությամբը Հալեպը քաջալերել։


Ըսել է թե Պեյքըր փաշային Հալեպ երթալը ի՛նչ նշանակություն որ ունի, նույնը պիտի ունենար նավատորմին մեր ջուրերը գալը։ Այս տեսակետով Անգղիան տնտեսագիտաբար վարված է, վասնզի նավատորմին գալը ավելի մեծ ծախքի կը կարոտեր, քան Պեյքըր փաշային երթալը։


Այս լորտ Պիքոնսֆիլտը դյուրաբորբոք մեկն է, պզտիկ բանի մը բարկանալուն պես, շուտ մը նավատորմիղը Պեշիքա երթա կըսե։ Տարակույս չկա թե՝ եթե օր մը քիչ մը ավելի բարկանա՝ պիտի հրամայե որ սա Պեշիքան մեր նավատորմին առջև բերեք։ Նավատորմիղ մը ունի, ամեն խոսքի մեջ ան առաջ կը քշե։


Թող Պիքոնսֆիլտ մեզի յուր կարծածին չափ երկչոտ չգիտնա, մենք նավատորմիղեն վախնալով բարենորոգում ընողներեն չենք։


— Մարտիրոս աղա, աղջիկս դպրոց մը տալ կուզեմ, բայց որ դպրոցը տամ չգիտեմ։


— Ինչո՞ւ համար դպրոց պիտի ղրկես։


— Որպեսզի սիրտն ու միտքը մշակվին... որպեսզի դաստիարակվի։