Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 4 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/376

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ձիծաղ քաղեմ՝ այնքան նվազ մոլություն պիտի գտնեմ։ Պետք չէ մոռնալ սակայն այն դաս մը մարդերն, որք ուխտ և երդում ըրած են բնավ չխնդալու։ Այդպիսիներու հետ գործ չունիմ, վասնզի ատոնց երեսեն ժպիտ քաղելն ավելի դժվար է, քան թուրք կառավարութենե բարենորոգում հուսալն, մանավանդ երբ նկատողության առնեք, որ ճնշում բանեցնելու համար չունիմ ես ոչ ծանուցագիր, ոչ դեսպանաժողով և ոչ նավատորմիղ։


Անկողմնակալությանս վրա վստահացնելու համար կը հայտնեմ՝ թե այնպիսի կացություն մունիմ, որ չստիպեր զիս աչառություն ընելու։ Փառք նախախնամության, բարեկամ չունիմ, որ աչառություն ընեմ։ Բայց մի՛ կարծեք թե կիրքով պիտի խոսիմ, քավ լիցի... փառք սատանային, թշնամի ալ չունիմ։ Մի՛ զարմանաք, պարոններ, աշխարհիս երեսը այնպես կ՝ապրիմ, ինչպես դուք կապրիք երբեմն թատրոնի մեջ. միայն հանդիսատես կը լինիմ ներկայացման առանց դերասաններու գործույն խառնվելու։ Ընկերություններե ընդհանրապես հեռի կապրիմ, և այս է միակ պատճառ իմ երջանկությանս։


Կ. Պոլիս, 1 հունիս, 1889.

Ո՞վ կըսե թե մեր ազգին մեջ միություն չկա։


Այսօր միացան Արարատյան, Դպրոցասիրաց-Արևելյան և Կիլիկյան ընկերությունները։ Այս միությունը չորս ամիս առաջ պիտի կատարվեր, բայց հարմար անուն մը գտնելու դժվարությունը չորս ամիս ուշացուր զայն։ Արդյոք հարմար դասատու մը գտնելու համար քանի տարի պիտի աշխատի ընկերությունը... Միացյալ ընկերությունք տիտղոսին տակ այդ ընկերություններն երեք անձինք և մի բնություն կը կազմեն այսօր, պարզապես ընկերության երրորդություն մը, որու մեջ Հայր է Արարատյանը, Որդի է Դպրոցասիրացն և Հոգի է Կիլիկյանը։ Այսուհետև որևէ նվեր պիտի հավաքվի ոչ թե հանուն Արարատյանի, այլ հանուն Հոր և Որդվո և Հոգվույն Սրբո, ամեն։ Անհավատները չեն հավատար այս երրորդության, և միությունն, որ այսօր կատարված է... անվամբ