Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 4 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/395

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Սուրիո կուսակալ Միտհատ փաշ հիշյալ նահանգին համար բարենորոգմանց ծրագիր ղրկած է կայսերական կառավարության։


Ամեն կողմե ծրագիր... Ապետին փաշան որ կողմ որ դառնա յուր դեմը ծրագիր մը կելնե. դիվանագիտության Բուրսոնյաք դարձավ։


— Առ սա ծրագիրն, աղեկ է։


— Ա՛ռ սա ծրագիրն, շատ լավ է։


— Տուր սա Յանյան, որ քեզի շատ աղեկություններ պիտի բերե։


— Տո՛ւր սա Տուլչինիոն, որ խալսիս։


Մեզի ամեն կողմե խրատ, հորդոր և ծանուցագիր կը ղրկեն՝ մինչդեռ մենք դրամի միայն պետք ունինք։


26 հունիս

Պարոն Կոշեն կայսեր հետ տեսակցություն մունեցավ։


Մեծ կարևորություն կը տրվի այս տեսակցության։ Պաշտոնեից փոփոխության խոսքեր կը լսվին ականջե ականջ։


Յըլտըզի պալատեն հարճ մը Անգղիո դեսպանատունը փախչելով՝ անոր պաշտպանությունը խնդրած է։ Ինչ բանի. հայտնի չէ։


Արդյոք այս հա՞րճն ալ ինքնօրինություն կը պահանջե։


27 հունիս

Ամենակարևոր հայտարարություն մը...


Կրոնական պատկառելի Ժողովն, պաշտոնական հայտարարությամբ կը ծանուցանե բարեպաշտ ժողովրդյան՝ որ յուր և Պատրիարքին միջև բնավ անհամաձայնություն չկա։


Մեր պաշտոնական շնորհակալությունները կը հայտնենք այս պաշտոնական հայտարարության: