Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 4 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/404

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Պատասխանը գոհացուցիչ լինելով, մարդուն ճանբա տրվեցավ։


7 հուլիս

Ամեն մարդ հետաքրքիր է՝ գիտնալ, թե տերություններն ի՞նչ ընթացք պիտի բռնեն, եթե թուրք կառավարությունը դժկամակի Պերլինի դեսպանախորհրդո որոշումները գործագրելու։


Ժողովուրդն երբեմն խստապահանջ կըլլան գիտնալ կուզե տերություններու բռնելիք ընթացքն, զոր տերություններն իսկ չեն գիտեր...


8 հուլիս

Եթե պատվանշանի վաճառականություն ընել սովորություն եղած ըլլար՝ ամեն ամեն ասեմ ձեզ՝ տարվան մը մեջ Ռոչիլտի չափ հարուստ կը լինեի։


Ի՞նչպես։


— Թուրքիայեն աժան գնով պատվանշան կառնեի, նավերով Եվրոպա կը ղրկեի, և միլիոնավոր ոսկիներ կը քաշեի։


Վերջին օրերս շատերը հոս պատվանշան առին և շատ աժան գիներով.. կարծեմ շատ առնողին տերությունը պատրաստ է հարյուրին զեղչ մը ընել... ափսո՜ս որ մեր պատվանշաններն ալ մեր արժեթուղթերուն պես հարգ չունին Եվրոպիո մեջ...


Շաբթուս արտաքին բերքն ժեզվիթներն են... շոգենավներն այս ապրանքեն կը բերեն մեզի առատությամբ։


Եթե մաքսատան տնօրեն ըլլայի՝ ծանր տուրք մը կառաջարկեի ասոնց, որ մեր երկիրը չմտնեն։


Բայց այս մարդերը դրամ կուտա՞ն... ապրանքին տեսակեն հարյուրին տասը առնելու իրավունք ունիս, կըսեն և տաս տասնըհինգ ժեզվիթ կը թողուն մաքսատուն և կը հեռանան։