Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 4 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/413

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է
19 հուլիս

Կարո՞ղ եք խորանեն թատերաբեմ ցատկել։


Պատասխան տվեք, համարձակություն ունի՞ք «Իմէջ տաճարիս և առաջի Աստուածընկալ» և այն ըսելեն ետքը «Լա տոննա է մոթիլե կոմե լա թիումե ալ վենթո» երգել։


Եթե դուք կարող չեք՝ Թարգմանյան գերապատիվ Անտոն վարդապետն կարող է։


Այո՛, այս վարդապետն Ֆոքշանի մեջ եկեղեցականությունը թողլով՝ Կալացի մեջ իտալական թատերաբեմին վրա դեռասանություն ընել սկսած է։


Յուր տարիքին նայելով պետք է որ սիրահարի դերը կատարե։


Անկեղծաբար խոսելով, ուրախ ենք, որ հիշյալ վարդապետն այս քաջությունն ունեցած է և ազգին մեծ ծառայություն մատուցած է. երանի թե ուրիշ կղերներն ալ Թարգմանյանի օրինակին հետևեին և մտնեին այն ասպարեցին մեջ, որ իրենց սիրելի է։


Ավելի ուրախ պիտի ըլլայինք՝ եթե Թարգմանյան Վարդովյանի խումբը մտներ հոս, կամ Տփխիս երթար և ազգային ներկայացումներ տար։


Իգական սեռին ծովու բաղանիքին մեջ.


— Տիկին, չնայի՞ս, ո՞վ է սա կինն։


— Ի՞նչպես ճանաչեմ. գլուխը ծովուն մեջն է և ոտները միայն կերևին ջուրին վրա։


— Աղեկ ա՛, չվազե՞ս ազատելու... պիտի խղդվի...


— Կես ժամեն ավելի է, որ այդպես կեցած է և ես ալ կը կարծեի, որ յուր պզտիկ ոտները ցցունելու համար այդ դիրքով կեցած էր...։


20 հուլիս

Սաստիկ տաք...


Կնիկներն էրիկներե բաժնելու չափ տաք...


Այսօր քանի մը կնաթողություններ տեղի ունեցան։