Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 4 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/419

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Կերևի որ այս րամազանին ամսականը գալ րամազանին տրվիլ պիտի որոշվի։


30 հուլիս

Սեմաֆոր լրագիրն վեց տերություններուն ընելիք նավային ցույցը կը ծաղրե, հրատարակելով Սիմուր ծովապետին տրված հրահանգներու պատճենը, զոր որպես թե անգղիական լրագիրներե քաղած է։


Հիշյալ հրահանգներու համեմատ՝ սույն նավային ցույցը խաղաղական հանգամանք պիտի ունենա, և եթե պարոն Սիմուր լոկ բարոյական ցույցով չհաջողի Քարատաղի և Հունաստանի տրվելիք հողերը ալպանիացիներու և թուրքերու ձեռքեն առնել ծանր պատասխանատվություն մը պիտի հրավիրե յուր վրա։ Եթե լեռներու վրա ալպանիացիներ երևին՝ զրահավորները թշնամվույն ետևը պիտի շարվին, զրահավորներու մեջ զորքերը գինիի և սիրո երգեր պիտի երգեն, գերմանական և ֆրանսական զրահավորներն իրարմե հեռու պիտի մնան, որ իրարու չզարնեն, նույնպես իտալականն և ավստրիականն ալ ամենեն հեռու, քարատաղցըներուն կամքը կատարվելուն պես՝ զրահավորները Հունաստանի ջուրերը պիտի երթան, պարոն, Սիմուր խնջույքներ պիտի տա մյուս հրամանատարներուն, բայց ծախքն Անգղիո կառավարության վրա չպիտի լինի։


31 հուլիս

Դեսպաններն հայկական խնդրույն վրա միշտ կը խորհրդակցին, բայց արդյունքը դեռ հայտնի չէ։


Եվ որովհետև նավային ցույցին զորությունն լոկ բարոյական է՝ կառաջարկեմ որ վեց տերությունները պարապ տեղը մեծ ծախքերու չենթարկվին՝ իրենց զրահավորները Թուրքիա ղրկելով, հերիք է որ այդ զրահավորներուն պատկերները քաշել տան և շրջանակի մը մեջ անցունելով ղրկեն մեզի, որ Բ. Դռան մեջ պատե մը կախենք։