Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 4 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/421

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

կայն ժամ է, որ գավառացի հայն այդ պատճառներուն. բարձմանը աշխատի՝ որչափ որ կարող է ինքն, և այն ատեն միայն դիմե Պատրիարքարան՝ երբ յուր ուժն անբավական է դիմադրել վտանգին։


Արդ, շնորհավորելով Պիլեճիկի հայերուն պահած լռությունն՝ կը խնդրեմ որ ընդունին խորին հարգանքներուս հավաստիքն, որով մնամ և այլն։


2 օգոստոս

Հայկական խնդրույն վրայոք առնված հաջող լուրերուն վրա մայրաքաղաքիս բոլոր ազգայինները կը պատրաստվին Հայաստանի կուսակալ ըլլալու։


Ամբակում աղան, որուն ճակատեն վաթսունչորս ձմեռներ անցած են, քանի մը օրե ի վեր զինվորական վարժություններու կը պարապի այնպիսի փափագով և եռանդով, որ ո՛չ սենյակը մտնողները կը տեսնե, ո՛չ ալ անոնց խոսքերուն կը պատասխանե։


Կինը կարծելով թե ամուսինն խելագարված է՝ կանչել կուտա։


Երկու ժամեն ետքը կուգա բժիշկն, որ ըստ բժշկական սովորության կը հարցունե. — «Ո՞վ է հիվանդը»։


Գիտեք արդեն, որ Հիպոկրատի սաներն այն ատեն կը ճանաչեն հիվանդներն՝ երբ ասոնք մատով ցուցվին իրենց։


Երկու քաջառողջ մարդերու քով հիվանդ մը դիր և հարցուր բժիշկին։


— Ո՞վ է հիվանդը, տեր բժիշկ։


— Հայտնի է, որ այս է, պիտի պատասխանե քեզ, ցույց տալով այն մարդն, որ երկաթի պես քաջառողջ է։


Հիվանդություններն ալ այն ատեն կը ճանաչեն՝ երբ հիվանդը մեռնի։ Չկա մեռյալ մը՝ որուն ի՛նչ հիվանդութենե մեռած ըլլալն չհասկցվի, ինչպես որ չկա հիվանդ մը, որուն ինչ հիվանդութենե բռնված ըլլալը հասկցվի։ Շիշմանյան խղճահար ըլլալուն պատճառավ էր, որ հրաժեշտ տվավ բժշկական արհեստին և գրկեց գրականությունն, որ մարդ չմեռցուներ։


Մեր խնդիրեն քիչ մը հեռացանք, մոտենանք անոր։