Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 4 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/428

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է
8 օգոստոս

Հարստահարություններու վրա խոսող հեռագիրներ ամեն օր կուգանե Պատրիարքարան կանոնավոր կերպով, արդեն այդ հեռագիրներեն զատ ամեն օր կանոնավոր կերպով Պատրիարք քարան եկող չկա, պաշտոնյաներեն ոմանք կեսօրին կուգան և ոմանք բնավ չեն գար։ Այդ հեռագիրներեն մին այնչափ երկար էր, որ անոր փոխադրությանը համար տասն ոսկի օսմանյան վճարված էր հեռագրատան։


Հեռագրական տեսչությունը շատ գոհ է այն հարստահարություններեն, որք տեղի կունենան Հայաստանի մեջը վասնզի անոնց շնորհիվ հեռագրական սնդուկին մեջ բավական ոսկի կը մտնե։


Եվ կարճամիտ մարդերը կուզեն, որ կառավարությունն յուր եկամուտները պակսեցունե այն պահուն՝ ուր զանոնք ավելցնելու անհրաժեշտ պետք կա։


Թող ավելցունե, բայց ինչո՞ւ պյուտհեի մեջ չնշանակեր հարստահարություններե գոյացած հասույթը։


9 օգոստոս

Մեր բարեխնամ կառավարությունն ամեն օր կաղաչե վեց տերություններն, որ Պերլինի դեսպանախորհրդո մեջ որոշված հելլենական սահմանագիծը քիչ մը բարեփոխեն։


— Կաղաչեմ, պարոն Կոշեն, կըսե վեհափառ սուլթանը, սա սահմանագիծը քիչ մը փոխեցեք։


— Անկարելի է, վեհափառ տեր։


— Սահմանագիծ մը փոխել այսչափ դժվար գործ է, ետ օրը երկու նախարար կը փոխեմ։


— Դուք կարող եք, վեհափառ տեր։


— Փոխե՛, փոխե՛ սա սահմանագիծն. ես ալ կերակուրեն ետքը նախարարությունը կը փոխեմ։


— Չեմ կարող, վեհափառ տեր։


— Քանի մը պատվանշան կուտամ քեզի։


— Կարելի չէ։ Վեհափառ տեր, դուք գիտեք, որ թագուհվույն կառավարությունն որքան կը սիրե ձեր երկիրը, և որքան կաշխատի անոր բարվույն համար, ուստի շնորհ ըրեք՝