— Երկու հոգի եկան պատմեցին։
— Կը ճանչնա՞ս զիրենք։
— Չեմ ճանչնար:
— Ի՞նչ ելավ ատկից։
— Ի՞նչ պիտի ելլա, երկու վկայով ամեն բան կը հաստատվի։
— Այդ մարդիկ թե որ տեսնալ հարկ ըլլա։
— Տեսնալու է. ես ալ ձեր տեղը ըլլամ նե՝ տեսնալ կուզեմ։
— Ո՞ւր տեսնալու է, ո՞ւր կը գտնվին։
— Ատիկա չգիտեմ։
— Չգիտցած մարդուդ ինչո՞ւ կը հավտաս կոր։
— Ես կը հավտամ։
— Հիմա, ապացուցանել հարկ ըլլա նե՝ ինչ պիտի ըսես։
— Երկու մարդ եկավ և...
— Շատ աղեկ, շնորհակալ ենք։
— Հայր Տիմոթեոս, Լույսթ գրած էր, որ ձեր արժանապատվությունը
նորին արժանապատվության իմացուցած է
եղեր Կովկասու ապստամբությունը։
— Քավ լիցի, ես ատանկ բան մը չըսի, և շատ ցավեցա,
որ Լույսի մեջ այդպես գրված է։
— Կովկասու մեջ խռովություն մը կա՞։
— Ամենևին, բան մալ չիմացա ես։
— Շնորհակալ ենք, հայր։
— Տեր հայր, Լույսի խմբագիրն եկա՞վ։
— Ո՛չ:
— Կովկասու մեջ հայոց կողմե հրատարակված հայտարարություն
մը ունի եղեր քովը, ղրկե՞ր է։
— Քովը չէ եղեր, ձեռք բերելու ըլլա նե՝ պիտի ղրկե եղեր։
— Շատ աղեկ։
Ասոնք են ահա այդ լուրերն հավելվածներով հրատարակող
խմբագրաց տված տեղեկությունները, որոց աղբյուրներուն
որքան հավատարիմ ըլլալն ընթերցողաց դատողությանը
կը հանձնենք։