Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 4 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/431

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է
12 օգոստոս

Օսմանյան կառավարությունն երկար տարիներե ի վեր հաց կը Նվիրեր Ազգային հիվանդանոցին. այժմ այդ նվերը գաղթած ըլլալով հիվանդանոցի հոգաբարձությունը, կըսեն ազգային լրագիրներն, մեծ նեղություն կը կրե։


Ես կը կարծեմ, թե հիվանդանոցին հիվանդներն հոգաբարձութենեն ավելի նեղություն կրելու են այս պարագային մեջ։


Կառավարությունն յուր նվերը կարող է դադրեցունել, ինչպես որ կարող է լրագիր մը դադրեցունել, անոր ըսելիք չունինք. բայց կառավարությունն գոնե շնորհք ըներ և Հայաստանի մեջ քյուրտերե հափշտակված հացին փոխարենը տար ազգային հիվանդանոցին։


Եթե կառավարությունն այս շնորհքը զլանա՝ հոգաբարձությունը պիտի պարտավորի Թաննրի նոր գտած եղանակավ, այսինքն քառասուն օր ջուր տալով ապրեցուցանել կամ մեռցունել հիվանդանոցին հիվանդները։


13 օգոստոս

Ճաբոնի կառավարությունն արգելած է բազմակնությունը։


Կոստանդնուպոլսո մեջ ալ պիտի արգելվի այդ աքաղաղային օրենքը, եթե առևտուրներն այսպես շարունակին։


Քրիստոնյաներու մեջ արդեն կին Չունենալն անգամ արգիլված է, և շատ երիտասարդներ տնտեսագիտական պատճառներու համար ամուրի կը մնան։


Անոթի զորքեր և ռազմամթերք կը ղրկվին Հունաստանի սահմաններն ինչպես նաև Կրետե։


Հունաստան ալ մեծ պատրաստություններ կը տեսնե, բայց յուր թագավորը դեռ ետ չդառնար ճամբորդութենե։