Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 4 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/444

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Շիտակը, կանուխ կը պառկինք. մեծավորս պտըտիկ չսիրեր, հիմակվան զբոսանքներեն ալ շատ չախորժեր։


— Աղեկ կընեք։


Աղջիկն որ աճապարանոք հագված էր՝ սենյակեն ներա կը մտնե և հյուրերու ձեռները կը թոթվե։


— Աղջիկս, ձեռք չպագնե՞ս։


— Տեր ողորմյա, այդ սովորությունը չկա հիմա, կը պատասխանեն հյուրերը։


— Ինչո՞ւ չկա, թո՛ղ տվեք որ պադնե, կաղաչեմ։


— Թող չենք տար։


— Իրավ որ կը սրդողիմ, հայրն ալ իմանանե՝ կը բարկանա ինձի, կաղաչեմ թող տվեք, որ ամենուդ ալ ձեռները զատ-զատ պագնե. մեղա՛, բերանը չմաշիր ա...


— Շատ լավ։


— Մենք մեր մեծերեն ինչ որ տեսեր ենք նե՝ անանկ կնենք։ Ձեռքես եկածին չափ աշխատեցա, որ աղջիկս կրթեմ, ֆրանսերեն ալ սորվեցուցի, (աղջկանը դառնալով) աղջի՛ կը քիչ մը ֆրանսերեն խոսքեր չընես մադաժներուն հետ։


Հյուրերեն մին մադամ բառին վրա կես կանգուն վեր կը ցատկե նստած տեղեն։


— Բավական ձեռագործ ալ սորվեցուցի, կը շարունակն տիկին Թ... պարել ալ գիտե, եթե կուզեք պարեցեք հետը քիչ մը։


— Թող մնա այսօր, կը պատասխանե հյուրերեն մին է գրպանեն անդորրագիր մը կը քաշե, մատիտ մալ հանելով ծոցեն։


— Եթե ուզեք՝ քիչ մը ֆրանսերեն խոսի...


— Շնորհակալ ենք, խերը տեսնեք, մենք ալ անոր ուսումնականությանը վստահելով հոս եկանք, և շատ ուրախ ենք, որ մեր հուսացածեն ավելի կրթված և պարկեշտ տեսանք զինքը։


Տիկին Թ... կուրախանա այս հայտարարության վրա, որ իրեն համար կը նշանակեր, թե խոսկապը հետևյալ օրը պիտի ղրկվի։


— Քանի՞ դահեկան գրենք, կը հարցնե հյուրերեն մին, մատիտն և անդորրագիրն ձեռքին մեջ բռնելով։