Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 4 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/48

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ցավալի է ըսել, որ ժողովրդեն մեկ երկու հոգի անվայել ու սպառնական ցույցեր ըրած են սրբազան Պատրիարքին: Հարկավ Քաղաքական ժողովն այս մասին պետը եղածը կը տնօրինե։


<15>

Երկու ամսվան մեջ որչափ փոխված են իրերը ու մարդերը... Թատրոնը չգոցված Միլանը իշխան էր, մինչդեռ այսօր թագավոր է։


Զարմանալի բան, որչափ կը հաղթվի կոր. այնչափ պատվո կը հասնի կոր։


Ճիշտ Ավետարանին ըսածը.


«Որ խոնարհեցուցանէ գանձն իւր, բարձրասցի»:


Պելկրատը առած օրերնիս Միլան տարակույս չկա, որ կայսր պիտի հրատարակվի։


Ոսկեղեն դարն ալ անցավ և անոր հաջորդեց թղթադրամի դարը։


Ոսկեղեն դարու մեջ մարդիկ երջանիկ կապրեին, թղթադրամի դարու մեջ ավելի հանգիստ պիտի ապրին:


Ի՞նչ է բոլոր շփոթությանց, կռիվներու, պատերազմներու պատճառը. — Ոսկին։ Ի՞նչ է այսչափ մարդոց բանտերու մեջ մնալնուն պատճառր. — Ոսկին։ Ի՞նչ է մարդս գող, ավազակ ու անբարոյական ընողն. — Ոսկին։ Ի՞նչ է մեր վարձարաններուն առաջ չերթալուն պատճառը. — Ոսկին։ Վերցուր ուրեմն ոսկին, տես ինչպես կը վերնան մոլությունները:


Անոնք, որ ոսկիին մեջտեղեն վերնալուն կը գանգատին, չեն խորհիր, որ հրապարակի վրա ոսկի չգտնվելուն համար է, որ Ղալաթիա առաջվան պես գողություններ տեղի չեն ունենար։