Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 4 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/487

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

խոստանալով հաջորդ նամակովս Ազգային ընկերություններու վրա գրել:


<2>

Կ. Պոլիս, 5 փետրվար, 1881 ամի

Նախընթաց նամակովս խոստացած էի գթել ձեզ Ազգային ընկերություններու վրա, որը՝ փա՜ռք երիտասարդության՝ թվով նվազ չեն Աբրահամու զավակներեն, երկնի աստղերեն, ծովեզրի ավազներեն և... երեսփոխանին ըստ որումներեն։ Այս ընկերություններուն վրա շատ շատ խոսելու առաջադրելս՝ անոնց և ոչ միույն վրա խոսիլ է. շատ խոսիլ է, բայց բնավ չխոսիլ է, կաղաչեմ, երեսփոխաններ, մի՛ վիրավորվիք, խոսքս ձեզի չակնարկեր, եթե ոչ լավ գոնե մարդու պես խոսելու համար քիչ խոսելու է, ինչպես նաև մարդու պես ապրելու համար քիչ ապրելու է, երջանկությունը սակավության մեջ է։ Արդ, գլխավոր քանի մը ընկերություններու վրա համառոտիվ խոսելու համար սկսինք նախ Միացյալ ընկերութենեն, որ այսօր խիստ բարձր տեղ մը գրաված է թե Հայաստանի մեջ և թե՛ Վալաթիա Հակոբ էֆենտիի խանին մեջ։ Արարատ աշխարհ գիտե, որ Միացյալ ընկերությունն ունենալով մի բնություն և երեք անձինք՝ Այրարատյան, Դպրոցասիրաց-արևելյան և Կիլիկյան, նպատակ ունի Հայաստանի մեջ լույս տարածելու, այս նպատակին հասնելու համար էր անշուշտ, որ վեց ամիս առաջ «Լույս» հանդեսին խմբագրությունն և տնօրենությունն ստանձնելու որոշում տվավ և հետո զղջացավ... Այս ընկերությունն վերջերս պաշտոնական հայտարարություն մը հրատարակելով կր ծանուցանե՝ որ եթե ազգայինները չքաջալերեն զինք՝ պիտի ստիպվի քանի մը դպրոցներ փակել, որպեսզի կարող լինի յուր ծախքին գումարն հասույթի գումարին հետ հավասարակշռել։ Ինչո՞ւ հասույթին գումարն ավելցնելու փույթ չտանիր։ Վասնզի մեր ժողովուրդն աղքատ է, տգետ է... Ինչո՞ւ ժողովրդյան աղքատությունն և տգիտությունն նկատողության չառավ նախ, և եթե ժողովուրդն տգետ և աղքատ չլիներ՝ ի՞նչ պետք ուներ այսչափ, կրթական ընկերություններուն։ Խեղճ ազգն՝ որ անհատներու մեղքը քավելու և հանիրավի հալածվելու ենթարկ-