Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 4 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/512

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

մենք ևս պիտի ունենանք փայտագլուխ մարմին մը որ զմեզ պիտի կառավարե և մեր ընթացիկ գործերը պիտի... կասեցնե.


Դո՛ւք, ընթերցողներ, պիտի զարմանաք անշուշտ թե այս մարմինն որ գլուխ չունի, ինչպես կը շարժի, իսկ ես մեծ զարմացումով կը զարմանամ, թե այս մարմինն ինչպես բնավ չէր շարժեր գլուխ ունեցած ժամանակը...


Թերևս ոմանք կարծել փափագին թե Մասիս աշխարհաբար լեզուն զտելու, կոկելու և մաքրելու զբաղած լինելով ժամանակ չգտնե օրինաց զեղծումներ նշմարելու՝ այն շողոքո... լուրերուն մեջ զորս կը հաղորդե. սակայն մոռնալ պետք չէ որ հիշյալ օրագրին տված լուրերն երբեմն բևեռագիրներու չափ դժվարահասկնալի են. օրինակի համար, «է... էֆենտին պաշտոնեն հրաժարական տալով ընդունվեցավ»։


Ի՞նչ է, կամ ո՞վ է ընդունվողն.


Քերականությունն այս հարցման կըը պատասխանե.


— ... էֆենտին։


Իսկ պարոն Ություճյան կը պատասխանե.


— Հրաժարականը։


— Մասիսին նմանօրինակ լուրերը հասկնալու համար կես ժամ խորհիլն կամ, լավ ևս, քիչ մը քերականություն չգիտնալն մեծապես կնպաստե ընթերցողներուն...


Հայկական խնդրույն վերաբերությամբ վերջին տեղեկություն մը որ յուր նախորդներեն շատ տարբեր է։


Ազգային լրագիրներն ցավոք սրտի ծանուցին թե վեհափառ կայսրն Հայկական խնդրույն վրա խոսելով հաւանած է Անգլիո դեսպանին թե Հայաստանի խնդիրն Հունաստանի և Քարատաղի խնդիրներեն շատ ծանր է, և թե այդ խնդրույն օրինավոր, կանոնավոր և գոհագուցիչ լուծումն կը պահանջե շրջահայեցություն, համբերություն, իմաստություն, հավատք, հույս, սեր, թերևս քիչ մալ մկրտություն։