Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 4 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/55

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Արւաջնույն անմեղությունը չենք գիտեր, երկրորդին հանցանքը իսլամ ժողովուրդն ի հրավիրելն էր։


Գոհ ենք, որ պասիրեթճի ժեներալ Ալի էֆենտիին հրավերին արձագանք չտվավ ժողովուրդը։


Ալի էֆենտին արդարև կերակուրի ասպարեզին մեջ երևելի ժեներալ մէ, արդեն միլիոնավոր բիլավներ յուր զդալին կերտված է, բայց և այնպես խմբագրական ասպարեզին վրա պաշիպոզուխ զինվոր մը ըլլալով՝ շատ անիրավություններ գործած էր...


— Լորտ Տերպին յուր ատենաբանությունը դեռ չվերջացուց, որ անոր վրայոք քանի մը պզտիկ դիտողություններ ընեինք։


Այս տարվան ատենաբանությունները քիչ մը երկար կը քշեն կոր։ Առաջները երկար ատենաբանությունները ժամանակ կը կորսնցնեն կըսեին, մինչդեռ հիմա երկար ատենաբանություններն են որ ժամանակ կը վաստկին։


Ուրեմն շատախոսությունն ալ ունի եղեր յուր օգուտները ասկից վերջը ո՞վ կը համարձակի շատ խոսողի մը համար գեշ ըսել։


Եթե մենք լորտ Տերպիին տեղն ըլլայինք, բարլամենթին վեցամսյա ատենաբանություն մը կառաջարկեինք...


Վիեննայեն.


«Գիները ինկած են.


Ոսկին նորեն կը փնտրվի»։


Գտնաք նե՝ մեր կողմեն ալ բարև ըրե՛ք, զրուցեցէք իրեն, թե մեզի այսչափ ալ մոռնալ կըլլա մի։


Խոսքը մեջերնիս, սերվիացիք ալ բնավ շիտակ չեն խոսիր կոր. հաղթությունը միշտ իրենց կառնեն, պարտությունը մեզի կուտան կոր։