Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 4 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/565

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Պենկլյան, Սերովբե (1834—1900), արևմտահայ թատրոնի վետերաններից, օպերետային երգիչ և օպերետային խմբի ղեկավար։

Պիսմարք, Բիսմարկ Օտտո (1815—1898), պետական գործիչ և դիվանագետ, գերմանական կայսրության առաջին կանցլեր, դեմոկրատիայի ոխերիմ թշնամի։

Պիքոնսֆիլտ, Բիկոնսֆիլդ Դիզրայելի (1804—1881), գրաֆ, անգլիական հետադիմական պետական գործիչ, 1868—1874 թվականներին Անգլիայի պրեմիեր մինիստր։

Պողոս, վարդապետ Մելիքյան, պարագլուխը Վանում սկզբնավորված և ծավալված Պողոսյան հակաժողովրդական շարժման. ազդեցիկ և ուժեղ դեմք, որին հակադրվոդները՝ ժողովրդի շահերի և առաջավոր գաղափարների ներկայացուցիչները կոչվեցին Ապողոսյաններ, ղեկավար ունենալով Մկրտիչ Խրիմյանին: Պողոս վարդապետի (հետագայում եպիսկոպոս) կամայականությունների շուրջը ժամանակին հարուցվել է համազգային մեծ աղմուկ։

Պուլղարիս, Բուլղարիս (1801—1878), հույն պետական գործիչ, մասնակցել է 1862 թվականի հեղափոխության, որը գահազուրկ արեց թագավոր Օթոնին։

Պրայս ճեյմս, Բրայս Ջեյմս (1839—1922), անգլիական պետական գործիչ, համայնքների պալատի անդամ. ուղևորվել Է Հայաստան, բարձրացել Արարատը և հրատարակել ճանապարհորդական իր նկարագրությունները Transcaucasia and Armenia-վերնագրով։

Ռասին, Ժան (1639—1699), ֆրանսիական կլասիցիստական դրամատուրգիայի խոշորագույն ներկայացուցիչը։

Ռըշտունի, Գարեգին, Մաղաքյանի խմբի դերասաններից, հայտնի կատակերգու, հեղինակը մի շարք կատակերգությունների։

Ռընան, Էռնեստ (1828—1892), ֆրանսիացի պատմաբան, իդեալիստ փիլիսոփա։

Ռոշֆոր, Հանրի (1830—1913), ֆրանսիացի քաղաքական լրագրող։

Ռոչիլտ, Ռոդչիլդ, հրեական հայտնի բանկիրների տոհմ, սերված XVIII դարից։

Ռուսո Ժան Ժաք, (1712—1778), ֆրանսիացի հայտնի փիլիսոփա, գրող, լուսավորիչ։

Սալիզպրի, Սալիզբրի Ռոբերտ (1830—1903), մարկիզ, անգլիական պետական գործիչ, դիվանագետ, պահպանողական կուսակցության ղեկավար։

Սաքըզլյան, Հովհաննես, Պոլսի թուրքական համալսարանի դասախոս։

Սաֆվեթ փաշա, թուրքական պետական գործիչ:

Սեթյան Միհրան, մշակութային գործիչ։

Սերվիչեն, Վիչենյան Սերովբե (1815—1887), բժիշկ, արքունի բժշկական դպրոցի տնօրեն և դասատու։ XIX դարի երկրորդ կեսի արևմտահայ քաղաքական-հասարակական կյանքի հայտնի դեմքերից, որի գործունեությունը կապված էր ազգային սահմանադրության նախապատրաստման, հռչակման և հետագա տարիների հետ։