Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 4 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/63

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

խեղդամահ ըլլալը կը հաստատե և մարդասպանը բանտ դնել կուտա, ուր կսպասե հիմա յուր վճիռն ընդունելու։


Արմանապատիվ, Գեորգ վարդապետին այս գործը գովելով՝ կը մաղթենք, որ գավառաց բոլոր առաջնորդներն իրեն հետևող ըլլան և այն գործը, որ իրենց պարտքն է կատարել, Պատրիարքարանի վրա չբեռնավորեն։


Ըստ Արարատա, Լեվանթ Հերալտի և ըստ Մենմուայի՝ Լեվընթ Հերըլտի խոսքին նայելով՝ մեներալ Իկնաթիեֆ երկու գրպաններուն մեջ ֆըստըխի պես առաջարկություններ լեցուցեր է եղեր։


Երկու գրպաններուն մեջ լեցնելեն չկարծեք, թե շատ առաջարկություններ ունի, ո՛չ, առաջարկությունները երկու տեսակ ըլլալուն համար է, որ մեկ տեսակը մեկ գրպանին մեջ, մյուսը՝ մյուսին մեջ դրեր է, թեպետև կարծիք ալ կա, թե զինքը բերող շոգենավը առաջարկություններով լի է եղեր։


Այդ առաջարկություններեն առաջին տեսակը խաղաղասիրական և երկրորդ տեսակը կռվասիրական կեղեր։


Մյուս կողմեն Լա Թյուրքի կը պնդե, որ մեներալ Իկնաթիեֆ միմիայն խաղաղասիրական առաջարկություններով եկած է։


Սա ստույգ լուրերեն սա անստուգությունը կելնե, որ Լա Թյուրքին մեներալ Իկնաթիեֆին մեկ գրպանը խառնելով իր ուզածը առնելուն պես՝ մյուս գրպանը խառնելու հարկ չէ տեսեր, առեր քալեր է, մինչդեռ Լեվանթ կամ Լըվենթ անգղիական պաղ արյունով երկու գրպանն ալ խառներ ու վերջք գացեր է։


Կը հավատաք դուք, որ մեներալ Իկնաթիեֆն իր գրպանները խմբագրաց բացած ըլլա և թող տված ըլլա իրենց, որ ուզածնուն պես խառնեն զանոնք, միթե մեներալ Իկնաթիեֆ իր քաղաքականությունը գրպաններուն մեջ կը կրե։


Առանց և ոչ մեկուն հավտալու՝ քանի մը ամիս ալ սպասելու է, որ մեներալ Իկնաթիեֆին ինչ քաղաքականությամբ եկած ըլլալը հասկնանք։