Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 4 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/67

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Նոռ լրագիրը կըսե, որ շատ բարեխառն ու անուշ է։


Ուլթիմաթումի բնավ հանգամանք չունի եղեր, մասնավորապես վեց շաբաթ զինադադարին ու վերջերս բոլոր տերություններեն ընդունված ծրագրին ընդունվելուն վրա պիտի պնդե եղեր։


Բայց, թե որ այդ ծրագիրր չընդունվի՝ Իկնաթիեֆի լեզուն այն ատեն ի՞նչ հանգամանք պիտի ունենա։


Այն ատեն Ռուսիա և Տուրքիա դեմ առ դեմ պիտի գան եղեր, բայց Իկնաթիեֆի լեզուն այն ատեն ալ ուլթիմաթումի հանգամանք չպիտի ունենա։


<22>

Ոտվընիդ պագնեմ, պատերազմի խոսք մի՛ ընեք ծայրը ամենուս ալ պիտի դպչի:


— Ի՞նչ եղեր է։


— Ինչ պիտի ըլլա։ Նյու-Յորքեն եկած հեռագիրը չկարդացիր. տես ինչ կըսե կոր.


«Եվրոպայեն եկած այն լուրերը, որք մոտալուտ պատերազմ մը կը ծանուցանեին, հոս մեծ հուզում պատճառեցին. Նյու-Յորքի մեջ շատ վաճառականներ սնանկացան»։


Հասկցա՞ք հիմա, մարդոց գործը կարգին է եղեր, բայց պատերազմի լուրի մր վրա վախցեր ու սնանկացեր են։


Տեր Աստված, ինչ օրերու հասանք, վախեն գիտեինք, որ մարդուս արյունր կավրվի, լեղին կը բրդի, կամ սըրահա կլլա. բայց բնավ լսած չունեինք, որ վախեն մարդ սնանկանա։


Իրավ կը զարմանամ, որ ինչպես Խասգեղի շոգենավները մտնողները մինչև այսօր չեն սնանկացեր։


Եթե Հունաստանը չըլլար՝ ինչ պիտի ըլլար Թուրքիո վիճակը, Աս տված իմ։


Հունաստանը չէ՞, որ չեզոքություն պահելով՝ ապստամբությունը սահմանափակեց։