Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 4 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/72

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

<25>

Անիծյա՛լ ըլլան, նզովյա՛լ ըլլան, թե՛ անիծյալ և թե՛ նզովյալ ըլլան այն քառասունը չորս ժամերը, զորս ասկից երկու օր առաջ անցուցինք։


— Ի՞նչ մտատանջություն, ի՜նչ տագնապ...


Ամեն մարդ գործը երեսի վրա ձգած՝ ձեռքը ժամացույց մը բռնած վրան կը նայի ու կը նայի։


— Եղբա՛յր, սա ժամացույցդ ծոցդ դիր քիչ մը խոսինք. քաղաքականության վրա ի՞նչ կըսեն, ի՞նչ կը լսես։


— Ինչ որ ըսեմ ու լսեմ՝ սուտ է. ամեն բան քառասունը ութը ժամեն հայտնի պիտի ըլլա։


— Քանի ժամ մնաց տակավին։


— Երեսունը ութը անցավ՝ տասը ժամ մնաց։


Մենք ալ գրիչներս լզեցինք, ժամացույցնիս հանեցինք ու սկսանք ժամերը համրել։ Գեշ չէ, ըսինք, երբ որ մէկը թիֆուսե բռնվի օրերը կը համրեն, մենք ալ բոլիթիքայի համար ժամերը համրենք։


Այս թշվառական ժամերն ալ, գիտեք ի՛նչ խոսք չհասկցող բաներ են. եթե ըսես շուտ քալեցեք, կամաց կերթան, եթե ըսես՝ կամաց քալեցե՛ք, կը վազեն։ Երանի այն թշվառաց, որոց ժամացույցները առաջ կերթան։


Հայտնի է, որ տագնապի մեջ ժամերը շատ կամաց կերթան։ ժամացույցս կը գոցեմ, կը բանամ, ժամերը կը համրեմ, կը հաշվեմ, կը գումարեմ, կը բազմապատկեմ, ի զուր, տասը ժամը չանցնիր, Ալեքսինաց ու Տելիկրատ կառնվին, զինադադարը կընգունվի, տասը ժամը չանցնիր... վերջապես կը բարկանամ, զայրանալու որոշում կուտամ, ժամացույցս կոտրելու կելլամ, բայց ետքեն մեծ կըլլւս զարմանքս երբ կը տեսնեմ, որ կը տեսնեմ, որ...


— Ի՞նչ։