Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 4 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/73

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


— Ժամացույցս առջի գիշերվնե մոռցեր եմ եղեր լարերու, ան ալ կայներ է։


Ա՛րդ, իմ ժամացույցիս հաշվովը այդ քառասունը չորս ժամերը անցած չեն տակավին։


Ավստրիո համար բան մը պիտի ըսեի, մոռցա. այս երկու երեք օրե ի վեր որու գլուխը խելք մնաց որ։


Հա՛յ միտքս եկավ։


Լրագրաց մեջ կը կարդանք, որ Ավստրիո մեջ մեծ մաս մը կա. որ մեզի համար զինվելու պատրաստ է եղեր, մեծ մաս մ՝ալ կա, որ սլավաց համար կռվելու պատրաստ է եղեր։


Աղեկ. բայց Ավստրիո համար ո՞վ պիտի զինվի, եթե հարկ ըլլա։


Ասոր խոսքը չկա։


Կեցցե՜ Ավստրիո տերությունը, ինքզինքը ինչպես սիրցուցեր է իր ժողովրդյան, որ բացի յուր կառավարութենե ուրիշ ամեն կառավարությանց օգնելու կը պատրաստվի կոր։


Կատակը մեկդի. այս խեղճը շվարեր մնացեր է։ Անցյալ շաբթու Քլեքի դուռը բանալու, գոցելու զբաղած էր, այս շաբթու ալ Իտալիո լրագիրներն իր երկրին մեջ չմտցնելու զբաղած է։


Տեսնենք գալ շաբթու ի՞նչ պիտի ընե։


Մոտերս դեսպանաժողով մը պիտի ըլլա ու այս դեսպանաժողովին մեջ պիտի առաջարկվի եղեր, որ Ռումանիա թագավորություն ճանչցվի։


Ի՞նչ հարկ կա առաջարկելու, ուղղակի Չերնայեֆին գրելու է՝ հատ մը ուզելու է. քովը չկա նե՝ հիմակուհիմա Միլանիկը թող առնե, ասդին ղրկե։


Տերնայեֆ ըսի, մեծ մեծ ջարդելը միտքս ինկավ։ Աս չէ՞ր, որ կըսեր, թե Պոլիս սիկարա պիտի խմեմ։


Եկո՛ւր սա սիկարս վառեմ։