Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 4 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/77

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

մյուս բայերուն օգնության կերթան, անոնց եղանակները և ժամանակները կը շինեն, անոնց գործը կը լմնցունեն և իրենք բան մը չեն շահիր։


Ռուսիո գանձային պաշտոնյան պատերազմի հրաման չտար եղեր։


Ահավասիկ սնտուկ մը՝ որ Ռուսիո կառավարութենեն ավելի խաղաղասեր է։


Բայց սնտուկը ի՞նչպես պիտի գոհացնե պատերազմ ուզող կուսակցությունը։


Առջի բերան պիտի հորդորե և երբ չհաջողի համոզել, հրաժարականը պիտի տա և յուր տեղը պիտի նստեցնե իր պզտիկ սնտուկը...


Ո՜վ սնտուկդ հաշտասեր, ո՜վ հրեշտակ խաղաղության, ուրախ եմ, վերջապես տեսնելով Ռուսիո մեջ բան մը, որ Թուրքիո մեջ գտնված բանի մը հետ համամիտ, եղբայր, ու ձեռք ձեռքի տված է:


Շուտ ըրեք, պագտվեցե՛ք իրարու հետ, ո՜վ սնտուկներ, եթե խաղաղությունն տեսնենք՝ ձեր երեսեն պիտի տեսնենք։


Ո՜վ, ով, ո՛վ... մինչև վերջը այսպե՞ս պիտի երթանք այսօր ո՜վ Թատրոն:


Ի՜նչ ընեմ, ո՛վ ընթերցող երբ միտքը անանկ կը պահանջե, գրիչը պարտավոր է կատարել։


Հայրենիք ու Մենմուայի Հավատիս լրագրաց խմբագիրները հո՞ս են, թե գացին։


Հայերեն գացած են, բայց ֆրանսերեն հոս են։


Ատ ի՞նչ է։


Ի՞նչ պիտի ըլլա, հայերեն լրագիրը գացին կըսեն, ֆրանսերեն լրագիրը հոս են կըսեն։


Դուք ըսեք մեզի, ո՜վ Մարգարյան և Մելիքյան էֆենտիներ, հոս եք, թե գացած եք, եթե հոս եք՝ ինչո՞ւ չեք երթար, եթե գացած եք՝ ինչո՞ւ չեք գար։