Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 4 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/78

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Բրենս Պիսմարքին քաղաքականության ինչ ըլլալը իմացա՞ք։


Այս մարդը խաղաղությունը ապահովելու, պիտի աշխատի եղեր, եթե Ռուսիա Թուրքիո դեմ պատերազմ հրատարակե՝ այս իշխանը թող չպիտի տա եղեր, որ մյուս տերությունը միջամտեն։


Ըսել է, որ եթե մյուս տերությունք Ռուսիան Թուրքիո հետ հաշտեցունելու համար ալ միջամտություն ընել ուզեն՝ Պիսմարքը թող չպիտի տա, որպեսզի խաղաղությունը չվրդովի։


Շնորհակալ ենք։


<27>

Մե՜ծ ավետիս հունաց թագավորը փնտրողներուն ու չգտնողներուն...


Երկար ճամբորդութենե մը ետքը Գեորգ թագավորը վերջապես Աթենք հասավ, վազելով, հևալով պալատը գնար, պատշգամը ելավ և թաշկինակովը ճակտին քրտինքը սրբելով ժողովրդյան դարձավ ու ըսավ.


«Հույսերնիդ Աստուծո վրա դրեք, որ ձեր խնդիրքը պիտի կատարէ»։


Այս վճռողական պատասխանեն ի՞նչ կը գուշակեք։


Ես այնպես կը գուշակեմ, որ թագավորը Աստուծո հետ Հունաստանի գործերուն վրա խորհրդակցելեն ետքը, անոր հետ դաշնադրություն մը ըրած է սա պայմանավ, որ եթե խնդիրքը չկատարե՝ բարեհաճի վճարել իր ճամբորդության ծախքը։ Անպատճառ այս ընթացքը բռնած ըլլալու է, ինչու որ Գեորգ թագավորը գիտե անշուշտ, որ Չերնայեֆի սանն ալ քանի մը ամիս առաջ իրեն պես ըսած էր, բայց վերջեն, չգիտենք ինչ պատճառով, Աստված չկատարեց անոր խնդիրքը։


Կը զարմանամ և կուզեմ որ դուք ալ զարմանաք, թե ինչպես կը հանդդնին այս մարդիկ ժողովրդյան առջև իրենց գործակից ներկայացնել զաստված, որ քաղաքական գործերուն մեջ միշտ չեզոքություն պահած է և կը պահե.