Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 4 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/95

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Տեղով ի՞նչ է արդյոք այս մարդը, սլա՞վ է։ Չըսե՞ս Մասիս, առավոտները ի՞նչ կուտե, իրիկունները ի՞նչ կը խմե, շաբաթը քանի՞ անգամ լաթ կը փոխե. այս ամենը զրուցե, որ Մելիքոֆին վրա պատմական տեղեկություն մը տված ըլլաս։


Հայ զորավարի մը անվան հրապարակի վրա պտտիլը ազգին պզտիկությո՞ւն սեպեցիր, որ շուտ մը ելար ըսիր թե ատիկա հայ չէ և ազգը չկրնար ընդունիլ այդ անպատվությունը։


Ինչե՞ն գիտես սրտով ինչ ըլլալը, մարդը զորավար ըլլալով հանցավոր գտնված եղավ, որ այսպես զինքը կը թշնամանես։


Իսկ եթե միայն անունով հայ եղողները թշնամանել է միտքդ՝ ինչո՞ւ չես գար, մեծապատիվ, ինձմե չես ուզեր այդ մարդոց ցուցակը։


Ի՞նչ կը նշանակե ամեն օր կրկնելով ըսել. «Մելիքոֆը, որ անվամբ հայ է, սպարապետ կարգվեր է, Մելիքոֆը, որ անվամբ հայ է, զորահանդես մը ըրեր է, Մելիքոֆը, որ ինչպես հայտնի է, անվամբ հայ է, Աղեքսանդրաբոլ գացեր է. Մելիքոֆը, որուն անվամբ հայ ըլլալը նախորդ թիվերուն մեջ ըսած էինք, քիչ մը հիվանդ է. անշուշտ կը հիշեն ընթերցողը անվամբ միայն հայ եղող Մելիքոֆը, այս մարդը Տփղիս է գացեր ևայլն։


Աստված թշնամիս Մասիսին ձեռքը չձգե...


Ռուսիո մեջ Հոսքոչի... չէ, Քոֆչիհաս, աս ալ չէ, Հոսբրոքո... աս ալ չէ. աս ռուս անուններն ալ մարդուս միտքը աղեկ մը չեն տպավորվիր որ... Քոթրո... չի... օֆ... հոս... բոր... աս ալ չէ, վերջապես ասոնց նման անունի մը տեր մեկը կըսե եղեր, թե ինքը Աստուծո կողմե ղրկված է եղեր...


— Դեսպանաժողովի՞ն։


— Չէ, սլավյան ազգը փրկելու համար։