Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 5 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/108

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

րուն տուները փլան, շատ մը կենդանիներ փլատակներու տակ թաղվեցան, շատերն ալ անոթութենե պիտի մեռնին, եթե անմիջական օգնություն չըլլա իրենց. կաղաչեմ շուտ ըրե՛ք։

Կապիկ — Երկրաշարժն ե՞րբ եղավ։

Բու — Երեկ, բայց շուտ ըրեք, օգնություն...

Կապիկ — Քանի՞ ժամ տևեց։

Բու — Մեկ ժամ, բայց այս հարցումներուն ատենը չէ հիմա, խեղճերն...

Կապիկ — Երկրաշարժն արևելքեն եկավ, թե արևմուտքեն, հարավե՞ն, թե հյուսիսեն։

Բու — Կաղաչեմ, ժամանակ մի՛ կորսնցներ պարապ տեղ, խեղճերն ոչ բնակարան ունին...

Կապիկ — Իրենց բնակարաններն քարաշե՞ն էին, թե փայտյա։

Բու — Սա ի՞նչ փորձանքի հանդիպեցանք. այդ տեղեկություններն վերջն. ալ կրնաք առնել, ձեր ընելիքն հիմա, անմիջապես օգնություն ղրկել է իրենց։

Կապիկ — Ի՛ նչ կուտեին անոնք, ի՞նչ գործով կզբաղեին։

Բու — Իրա՞վ կըսես, թե կատակ։

Կապիկ — Կատակի ի՞նչ կա. քանի՞ կենդանի մնաց փլատակներու տակ, և այդ կենդանիներն իրենց ողջ եղած ժամանակ ի՞նչ կը հագնեին, եվրոպակա՞ն հագուստ, թե ասիական։

Բու — Անոթութենե մեռան անգին։

Կապիկ — Որո՞ւ փույթ, հարկ է, որ մանրամասն տեղեկություն առնեմ, որպեսզի սխալ բան մը չընեմ։ Բայց անդին անոթութենե կը մեռնին եղեր, պատասխանատուն իրենք են: Հիմա ամեն բան օրենքով կըլլա։

Բու — Եթե գիտնայի, որ անմիջական օգնություն չպիտի ընեիր՝ կենդանիներու նախագահին կը դիմեի ուղղակի։

Կապիկ — Ան ալ կենդանիներու ժողովույն պիտի բերեր խնդիրն, որ հոն պիտի ծեծվեր, և քանի մը նիստեր գրավելեն վերջը պիտի լուծվեր։

Բու — Բայց հանկարծական թշվառության համար երկար բարակ ատենաբանություններն վնասակար են։