Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 5 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/109

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Կապիկ — Ի՞նչ օգուտ, վիճաբանությունն անգամ մը սկսելեն ետքը պետք է երկարի և շարունակվի։ Հարկ է, որ ժողովը որոշե, որ օգնություն ղրկվի, այս որոշումն արձանագրվի և գործող ժողովին ղրկվի ի տնօրենություն. գործող ժողովն ալ ուրիշի հանձնե ի գործադրություն։ Այս արարողությունների մինչև որ կատարվին, անդին անոթութենե կը մեռնին եղեր, ի՞նչ ընենք, թող սպասեն քիչ մը, չմեռան ա՛։ Այս է կանոնն, զոր ուրիշներն սորված եմ և որուն կը հետևիմ։ Արդ, ըսե ինձ, չկրցա՞ն երկրաշարժին առաջքն առնուլ։

Բու — Երկրաշարժին առաջքն ի՞նչպես կարելի է առնել, ի՞նչ կը խոսիք, խե՞նթ եք։

Կապիկ — Գոնե երկրաշարժին հեղինակներն գտնվեցա՞ն, թե կը փնտրվին։

Բու — Դուն ինձի համբերություն տուր, ո՛վ Արամազդ։

Կապիկ — Որո՞նց վրա կասկած ունիք ավելի։

Բու — Հիմա կը խենթենամ։

Կապիկ — Ի՞նչ է այս դժբախտության շարժառիթն, սիրահարությո՞ւն, թե հուսահատություն... և չկրնա՞ր ըլլալ, որ մեկը թշնամության համար կամ մասնավոր դիտումներով երկրաշարժը համոզե, որ փլցունե այդ գյուղը։

Բու — Հրամանքնիդ կապվելու խենթ եք։

Կապիկ — Կը զարմանամ ձեր տգիտությանը վրա. այս հարցումները խիստ սովորական են, երբ դժբախտության մը վրայոք տեղեկություն առնելու վրա է խնդիրն։ Խնդիրն լուսաբանվելու է, որ կենդանի երեսփոխան մը հարցապնդում մը ընե ժողովին թե «Իրա՞վ է, որ այսինչ գյուղին կենդանիներն անոթի մնացեր են» և այս հարցման պատասխան գա և հետո խնդրույն վրա վիճաբանությունն բացվի, քարկոծվի, պարզաբանվի, լուծվի և երեսունվեց դիվան պտտելե հետո գործադրության հղվի, որպեսզի հաց բաշխվի կենդանիներուն, եթե մինչև այն ատեն անոթութենե մեռած չեն։ Ինչո՞ւ կրկնել կուտաս ինձ...

Բու — Վա՞յ ձեր գլխուն, եթե ձեր տեսած գործերուն ամենն ալ ասանկ են։

Կապիկ — Ասոր կը նմանին, բայց ամենեն կանոնավորն և օրինավորն է այս։