Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 5 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/114

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

մնացինք... մնացինք մենք ալ անգլուխ, ա՛հ... անգլուխ մենք մնացինք ահ ալ...

Բազե — Եթե մեր գլուխն եկած դժբախտությունը գիտնայիր։

Ծիծաղ — Ձեր յուրաքան չլուրին գլուխն ողջ կեցած է իր տեղը... անոնք ձերը չե՞ն... ըսեք, կը վախնամ, որ ձեր գլուխները վաճառեցիք և քանի մը երեսփոխաններու պես ուրիշներուն գլուխը կը գործածեր...

Ուրուր — Դուն ալ մեզի ողբակից կըլլայիր, եթե լսեիր, թե ի՞նչ փորձանք եկավ մեր գլխուն։

Ծիծաղ — Ինչ պատահեցավ։

Շահեն — Մեռավ, վախճանեցավ մեր սինոդի նախագահն այն բարեսիրտ, ազնվասիրտ և ներողամիտ հայրն որուն օրով մենք ամենքս ալ առատորեն կը գողնայինք։

Ծիծաղ — Վախ, վախ, վախ...

Ուրուր — Ջերմեռանդաբար կը կողոպտեինք մեր բույնն այցելողներն:

Ծիծաղ — Այս կորստյան ո՞վ կրնա հանդուրժել...

Ուրուր — Ա՜հ, անոր օրով հյուրերեն նվերներ կառնեինք բռնությամբ։

Ծիծաղ — Ցավալի կորուստ...

Շահեն — Կաչաղակի մը գլուխը թագ դնելու համար անոր բոլոր փետուրները կը փետտեինք։

Բազե — Ի՞նչպես չլանք։

Ուրուր — Ի՞նչպես մոռնամ ես այն օրերն, ուր շատ անգամ նախագահին քսակն կառնեի ստակ առնելու համար, և հետո կը մոռնայի քսակն իրեն դարձնելու։

Բազե — Անոր օրով միշտ որսորդության կելնեի և առատ որսերով կը դառնայի, ահ, մեր կյանքին բոլոր օրերն ողբով և կոծով անցնելու ենք, որ կսյրենանք մեր երախտագիտությունն հայտնել անոր։ Կը հիշե՞ս, Շահեն, օր մը երկուքս մեկեն որս մր ըրինք և զայն բաժնելու համար կռիվ մը ծագեցավ մեր մեջ...

Շահեն — Ո՞ր կռիվն էր... ի՞նչպես հիշեմ... քեզի հետ շատ կռիվներ ունեցած ենք։

Բազե — Նվերի մը առթիվ...