Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 5 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/128

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

յանը կը բացվի, և ահա դերձակ կենդանին առջի հարցապնդումը կը կրկնե ավելի սաստկությամբ։ Կենդանիներու հետաքրքրությունն կավելնա, իրարու կը հարցնեն իմանալու համար այդ հարցապնդման գաղտնիքը։ Հարցապնդողն կը շրջապատեն, անոր ձեռները կը թոթվեն, երեսները կը սխմեն և կը շնորհավորեն զինքն, որ անձնվիրությամբ և այնքան քաջասրտությամբ կը պաշտպանե կենդանիներու շահն։ Լաթ շինել տվողն հետևյալ օրը կիմանա, որ հարցապնդումը կրկնվեր է։ նորեն ձեռք մը լաթ շինել տալու պետք կզգա։ Անմիջապես կելնե հարցապնդողին խանութը կերթա. «— Ինչպես եք.— Լավ, հրամանքնիդ աղե՞կ եք,— Երեկ նորեն հարցապնդեր եք գործող մարմինն այն խնդրույն նկատմամբ, որ գիտեք, ինձի կը վերաբերի,— Այո՛.— Կը ցավիմ, որ առանց խնդրույն խորը թափանցելու, աղմուկ կը հանեք և միտքերը կը գայթակղեցնեք,— Ի՛նչ ընենք, բարեկամ, մենք ալ, գիտե՞ս, երկու տարի է, որ պարապ կը նստինք, հավատացե՛ք, որ երեք ամսվան մեջ ձեզի միայն ձեռք մը լաթ շինեցի. իրաց այս վիճակին մեջ պետք չէ որ այդ խնդիրներն առ կախ մնան, հարկ է, որ օրակարգին մեջ անցնին և քննվին.— Դուն ինձի ձեռք մը լաթ ալ շինե և ա՛ռ սա տասն ոսկին,— Շնորհակալ եմ,— Բայց կ՛աղաչեմ, որ մի ստիպեր զիս նորեն լաթ շինել տալու,— Գիտեմ, ժամանակներն նեղ են և իրարու վրա հագուստ չշինվիր, բայց, ի՞նչ ընենք... ներեցե՛ք.— Բան չկա ներելու.— Շնորհակալ եմ»։ Հարցապնդողին կամքեն կախումն ունի հարցապնդումներուն թիվն, միևնույն հարցապրնդումն կրնա հիսուն անգամ կրկնել և հարցապնդումեն շահ ունեցող կենդանվույն հիսուն ձեռք լաթ հագցունել։ Կը տեսնե՞ս, Ծիծաղ, կենդանիներու ժողովույն մեջ եղած շահերը։

Ծիծաղ — Չեմ համոզվիր, թե այդ ժողովույն մեջ գտնվող բոլոր կենդանիներն այդ նպատակավ նստին հոն։

Կաչաղակ — Բացառություններ կան անշուշտ, և այս անուրանալի է։ Սակայն թվով խիստ քիչ են, որ առանց նյութական կամ բարոյական շահ մը սպասելու երթան հոն խոսին, գրեն և մտիկ ընեն։ Դյուրին բա՞ն է երկու երեք ժամ պարապ խոսքեր մտիկ ընել առանց վարձատրության։

Ծիծաղ — Բարոյական ի՞նչ շահ։