Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 5 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/150

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

վաճառականներն, որ կանխավ ապահովել կուտան նավերն, որոնց մեջ ապրանք կը դնեն։

Դրամօժիտն ուրիշ բան չէ, եթե ոչ ստակով ամուսին մը ծախու առնել։


ՓՈԽԱԴԱՐՁ ՀԻԱՑՈՒՄՆԵՐ

Պարոն Լ... քառասունվեց տող նամակով մը, ուղղյալ առ պարոն Տ... յուր հիացումն և սքանչացումն կը հայտնե այն գրական հոդվածներուն վրա, որ ծնունդ կառնեն գրչեն պարոն Տ...ին որ քանի մը օր առաջ մասնավոր նամակով մը յուր հիացումն և սքանչացումն հայտնած էր պարոն Լ...ին տաղանդին վրա։ Պարոն Լ... հոգի կը դտնե այն գրական հատվածներուն մեջ, զորս կը գրե պարոն Տ... որ քանի մը օր առաջ մասնավոր նամակով մը յուր հափշտակությունն կը հայտներ պարոն Լ...ին, անոր մտաց արգասիքներուն նկատմամբ։ Պարոն Լ... լոկ մարմին կը գտնե պարոն Տ...ի իմաստասիրական հատվածներուն մեջ, որով պարոն Տ... գրականության մեջ անմարմին հոգի է, իսկ գիտության մեջ անհոգի մարմին, կամ գրականության մեջ հոգեկան և գիտության մեջ նյութական[1]։ Մեր առակին ոչ նյութն և ոչ հոգին կը ներե մեզ քննել պարոն Տ...ին գրական հատվածներն, զորս միշտ հաճույքով կը կարդա պարոն Լ... որ քանի մօր առաջ պարոն Տ...են նամակ մը ստացած է լի այնքան ազնիվ զգացումներով։ Մենք միայն պիտի առակենք փոխադարձ սքանչացումներն։ Եվ արդարև շատ դժվար է, չըսեմ անկարելի, հաճույք չզգալ այն գրվածներեն, որոնց հեղինակն ազնիվ զգացումներով լի նամակ կը գրե մեզ, ինչպես նաև անհնար է հիանալ այն հատվածներուն վրա, որոնց հեղինակն մասնավոր նամակով մը չափազանցորեն գովեստ չկարդար մեզի։ Իսկ

  1. Անաչառությունն կստիպե զմեզ խոստովանիլ, թե ազնիվ զգացումներն եթե քիչ մավելի չափազանցությամբ հայտնվեին՝ պիտի հարկադրեին զպարոն Լ... պարոն Տ...ին իմաստասիրական հոդվածներուն մեջ ալ հոգի գտնել։