Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 5 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/151

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

պարոն Լ... որ ատեն մը գրեթե տասը տարին մի անգամ գրիչ կառներ ձեռքը՝ այժմ տարին մեկ երկու անգամ սկսած է գրել միմիայն հիացումն հայտնելու համար այն հրատարակություններուն վրա, որոնց հեղինակներն մասնավոր նամակներով և հրապարակավ կը փառաբանեն անոր տաղանդն։ Պարոն է... բնավ չհայտներ, թե միևնույն հաճույքո՞վ կը կարդա իրոք գրական և իրոք իմաստասիրական հատվածներն, որոնց հեղինակներն անփույթ գտնված են ազնիվ զգացումներով և չափազանցություններով լի նամակներ շարադրել և ղրկել առ պարոն Լ... գործի մը վրա հիանալու համար անպատճառ սպասե՞լ հարկ է, որ այդ գործը երկասիրողն նախապես յուր ազնիվ զգացումներն հայտնե մեզ։ Վայ անոնց, որ իրենց ազնիվ զգացումներն իրենց սրտին մեջ կը պահեն և հրապարակավ չեն հայտներ, այնպիսիներուն գրական և իմաստասիրական գործերն տհաճությամբ պիտի կարդացվին։ Օրիորդ Ա... չպիտի կրնա երբեք գեղեցիկ ըսել օրիորդ Բ...ին, մինչև որ յուր գեղեցկությանը վրա նախապես անոր կարծիքն չլսե, այս է իրողությունը։

Գարնային արշալույսին սոխակն վտրդի մը թփին վրա կը գեղգեղեր։ Խուռն բազմություն մը՝ որուն ազնիվ զգացումներով նամակ գրած չէր պլպուլն՝ մարգագետնի վրա նստած հաճույքով ունկն կը դներ սոխակին երգերուն, որք մերթ ընդ մերթ խորհրդավոր լռությամբ կընդմիջվեին հեղինակին կողմե։ Քիչ մը հեռու փլատակներու վրա բու մը խոշոր աչերը բացած մտիկ կորներ սոխակին գեղգեղանքը։ Սակայն տեսնելով, որ յուր ձայնն բնավ ունկնդիր մը հրապուրած չէր և սոխակինն այնքան շատ ունկնդիրներ կը քաշե, կը նախանձի և կելնե սոխակին նամակ մը կը գրե, լի ազնիվ զգացումներով։ Սոխակն նամակը կը կարդա, կուրախանա և անմիջապես պատասխան մը կը գրե բուին սա իմաստով, «Հաճույքով ականջ կը դնեմ քու երգերուդ, ուր կը փայլին քու ճաշակդ, քու սիրտդ և քու հոգիդ»։ Բուն սոխակեն այս վկայությունն վարպետությամբ առնելուն պես կը դառնա վերստին յուր ավերակները և կսկսի երգել։ Ոչ ոք կերթա լսելու յուր ձայնը։ Սոխակին վկայությունը կը կարդա հրապարակավ։ Դարձյալ անօգուտ։ Ուրիշ գեղեցկաձայն թռչուններուն կը